երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ՌԴ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման դեպքում, Վրաստանը կհայտնվի պատժամիջոցների տակ. Պիտեր Ստանո

ՌԴ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման դեպքում, Վրաստանը կհայտնվի պատժամիջոցների տակ. Պիտեր Ստանո

Եվրահանձնաժողովի արտաքին գործողությունների ծառայության մամուլի խոսնակ Պիտեր Ստանոն գրավոր պատասխանել է Netgazet-ի հարցերին Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների վերականգնման հավանականության վերաբերյալ։

Նա ասել է, որ Եվրամիությունը կոչ է անում Վրաստանին միանալ ավիացիոն ոլորտում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին։

Netgazet-ին Ստանոյի ուղարկած պատասխանում նշվում է, որ Վրաստանը պետք է զգոն լինի, որպեսզի Ռուսաստանը չկարողանա խուսափել իր նկատմամբ կիրառված պատժամիջոցներից։

«Մենք գիտենք Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների հնարավոր վերականգնման վերաբերյալ վերջին քննարկումների մասին։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անօրինական ագրեսիայի պատճառով Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել ռուսական ավիացիայի դեմ։ Եվրամիությունը կոչ է անում Վրաստանին միանալ ավիացիոն ոլորտում Ռուսաստանի դեմ Եվրամիության և այլ երկրների կողմից սահմանված պատժամիջոցներին և զգոն լինել պատժամիջոցները շրջանցելու հնարավոր փորձերից։ ԵՄ-ն քննարկում է պատժամիջոցների կիրառումը նրանց նկատմամբ, ովքեր մասնակցում կամ աջակցում են Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների հնարավոր շրջանցմանը»,- ասել է Ստանոն։

Միաժամանակ Պիտեր Ստանոն ընդգծել է, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների պատճառով դժվար է թարմացնել ռուսական ինքնաթիռների պարկը, ուստի դրանք վտանգավոր են։

«Ավելին, հաշվի առնելով Ռուսաստանի ավիապարկի անվտանգության վերաբերյալ Միավորված ազգերի քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) արտահայտած  զգալի մտահոգությունները, Վրաստանը չպետք է թույլ տա ռուսական վտանգավոր ինքնաթիռներ մտնել իր տարածք։ ԵՄ պատժամիջոցների պատճառով ռուսական ավիապարկի 95%-ն այլևս չի կարող արդիականացնել և կատարելագործել իր ինքնաթիռները, ինչը անհրաժեշտ է միջազգային տեխնիկական և անվտանգության չափանիշները պահպանելու համար»,- ասել է Պետեր Ստանոն Netgazet-ին։

Ռուսաստանի հետ թռիչքների հնարավոր վերսկսմանն արձագանքել է նաև ԱՄՆ Պետդեպարտամենտը։ Պետդեպարտամենտը «Ամերիկայի ձայնին» տված մեկնաբանությունում նշել է, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև թռիչքների վերականգնումը պատժամիջոցների սպառնալիք կստեղծի այն ընկերությունների համար, որոնք սպասարկում են վրացական օդանավակայաններում ռուսական ընկերություններին։

Հունվարի 18-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը գովել է Վրաստանի կառավարությանը «քաջության» համար:

«Վրաստանի կարողությունը դիմակայել Արևմուտքի ճնշմանը, որը բացահայտորեն պահանջում է միանալ հակառուսական պատժամիջոցներին, դա հարգանք է առաջացնում»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման հույս ունի:

  • Կիսվել: