ՌԴ–ի և Թուրքիայի փոխարտգործնախարարները քննարկել են ռուսական ագրոարտադրանքի հարցը
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինն ու նրա թուրք գործընկեր Սեդաթ Օնալը Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են ռուսական ագրոարտադրանքի՝ շուկա անարգել դուրս գալու հարցը: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։
«2022 թվականի դեկտեմբերի 8-9-ը Ստամբուլում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության միջև։ Խորհրդակցությունների ընթացքում, երկկողմ հարաբերություններից բացի, քննարկվել են ՄԱԿ-ի բարեփոխման, հացահատիկի վերաբերյալ Ստամբուլյան համաձայնագրի իրականացման, Ուկրաինայի, Սիրիայի իրադրության ու ՄԱԿ-ի անդրսահմանային հումանիտար օգնության մեխանիզմի, Լիբիայի, Մերձավոր Արևելքի և Արևելյան Միջերկրական ծովի արևելյան հատվածին վերաբերող հարցեր», - մանրամասնել է գերատեսչությունը։
Ստամբուլյան համաձայնագրի իրականացման համատեքստում կարևորվել է նախաձեռնության շարունակությունը, քանի որ դրա շնորհիվ այսօրվա դրությամբ հնարավոր է եղել Սև ծովով ավելի քան 13 միլիոն տոննա հացահատիկ ուղարկել համաշխարհային շուկաներ, ինչպես նաև հեշտացնել ռուսական հացահատիկի ու պարարտանյութերի արտահանումը:



