կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քրդստանի բանվորական կուսակցությունը ստանձնել է Անկարայում պայթյունների պատասխանատվությունը

Քրդստանի բանվորական կուսակցությունը ստանձնել է Անկարայում պայթյունների պատասխանատվությունը

Քրդստանի բանվորական կուսակցությանը՝ ՔԲԿ-ին մոտ կանգնած ANF լրատվական կայքը հայտնել է, որ Անկարայում այսօր հարձակումն իրականացրել է «Անմահների գումարտակ» կոչվող խումբը՝ վկայակոչելով ՔԲԿ-ի հայտարարությունը։

Հայտարարության մեջ ռմբակոծությունը բնութագրվում է որպես «մահապարտ հարձակում», որը ծրագրվել է խորհրդարանի բացման համար և իրականացվել «մեր թիմի՝ մեր անմահների գումարտակի կողմից»:

ՔԲԿ-ն իր հայտարարության մեջ նաև մեղադրում է Թուրքիային քրդերի դեմ քիմիական զենք կիրառելու և պատերազմական այլ հանցագործությունների համար։

Նշվում է, որ թուրքական իշխանությունների հայտարարությունները՝ իրենց կողմից զոհեր չլինելու մասին, սուտ են։

Հիշեցնենք, որ այսօր Անկարայի կենտրոնական հրապարակում՝ կառավարական շենքերի մոտ, պայթյուններ են որոտացել։

Ինչպես հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան՝ երկու «ահաբեկիչ» է պայթյուն իրականացրել Անկարայում՝ նախարարությունների շենքերի դիմաց։

Ըստ նրա՝ նրանցից մեկը զոհվել է պայթյունից, իսկ մյուսը «վնասազերծվել է»։ Միաժամանակ, թուրք նախարարի խոսքով, վիրավորվել է երկու ոստիկան։

  • Կիսվել: