Պուտինը և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են թուրք-ռուսական հարաբերությունները, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմում խաղաղություն հաստատելու ջանքերը, ինչպես նաև Եվրամիության կողմից ռուսական ակտիվների սառեցման հարցը: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը, տեղեկացնում է APA-ն։
Նշվում է, որ Էրդողանը շեշտել է պատերազմը արդար և կայուն խաղաղությամբ ավարտելուն ուղղված նախաձեռնությունների կարևորությունը՝ ընդգծելով, որ էներգետիկ օբյեկտներն ու նավահանգիստները ընդգրկող սահմանափակ հրադադարը կարող է օգտակար լինել։
Հաղորդվում է նաև, որ Թուրքիան ուշադիր հետևում է խաղաղության գործընթացին և պատրաստ է ընդունել բանակցությունները ցանկացած ձևաչափով։
Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել են նաև Պաղեստինում և Սիրիայում վերջին իրադարձությունները, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։



