երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Պուտինն ու Ռաիսին քննարկել են Կովկասում առկա խնդիրները, դատապարտել արտաքին միջամտությունը տարածաշրջանային հարցերում

Պուտինն ու Ռաիսին քննարկել են Կովկասում առկա խնդիրները, դատապարտել արտաքին միջամտությունը տարածաշրջանային հարցերում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ: Ինչպես հայտնում է Կրեմլի կայքը, քննարկվել են ռուս-իրանական օրակարգի արդի հարցերը՝ շեշտը դնելով երկկողմ համագործակցության ամբողջ շրջանակի հետագա զարգացման վրա։

Մասնավորապես, նախագահները կողմ են արտահայտվել էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում փոխշահավետ նախագծերի հետևողական իրականացմանը։

Միջազգային հարցերը քննարկելիս նախագահները երկուստեք դրական են գնահատել Աստանայի գործընթացի շրջանակում հաստատված սերտ համակարգումը, որն առանցքային դեր ունի սիրիական կարգավորման գործում։

Մտադրություն է հայտնվել շարունակելու համագործակցությունը՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում իրավիճակի կարգավորման և նրա տարածքային ամբողջականության վերականգնման նպատակով։

Մինչդեռ իրանական Mehr գործակալությունը, անդրադառնալով զրույցին նշում է, որ Ռաիսին նաև ընդգծել է, որ միայն համագործակցության և համակարգման միջոցով կարող են լուծվել տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ Կովկասի և Սիրիայի խնդիրները, և հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես կարևորում է տարածաշրջանային ինտեգրացիայի ամրապնդումը և դատապարտում է արտաքին միջամտության վնասակարությունը տարածաշրջանային հարցերում։

  • Կիսվել: