երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Պուտինն ու Լուկաշենկոն Մինսկում անվտանգության հարցեր կքննարկեն

Պուտինն ու Լուկաշենկոն Մինսկում անվտանգության հարցեր կքննարկեն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին սպասում են դեկտեմբերի 19-ին Մինսկում, նախատեսվում են բանակցություններ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, այդ թվում՝ տարածաշրջանում անվտանգության ու մարտահրավերներին հակազդելու համատեղ միջոցառումների թեմայով» Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը:
 
«Մինսկում Անկախության պալատը դեկտեմբերի 19-ին բելառուսառուսական բարձր մակարդակով բանակցությունների հարթակ կդառնա։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ կանցկացնի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որն աշխատանքային այցով Բելառուս կժամանի», - նշված է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայության տվյալներով՝ «նախագահները առաջնահերթ ուշադրություն կդարձնեն անվտանգության հարցերին, կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանում և աշխարհում տիրող իրավիճակի վերաբերյալ, կքննարկեն առաջացող մարտահրավերներին արձագանքելու համատեղ միջոցները»:
Նշվում է, որ պետությունների ղեկավարները բանակցային օրվա ընթացքում մանրամասն կքննարկեն նախկինում ընդունված միութենական ծրագրերի իրականացման ընթացքը: Առաջին հերթին խոսք կգնա առևտրատնտեսական փոխգործակցության, համատեղ կոոպերացիոն նախագծերի մասին։
«Բանակցությունների օրակարգում կարևոր թեմա կլինի համագործակցությունը էներգետիկ ոլորտում», - նշված է հաղորդագրության մեջ:
Բանակցությունների ծրագիրը ծավալուն է. դրանք կմեկնարկեն լայն կազմով զրույցով, այնուհետև նախագահները կշարունակեն առանձնազրույցը, որից հետո, ինչպես սպասվում է, հայտարարություններ կանեն ու կպատասխանեն լրագրողների հարցերին:

  • Կիսվել: