երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Պորտուգալիան պատրաստ է քննարկել պատերազմի ավարտից հետո Ուկրաինայում իր զինվորականների տեղակայման հարցը

Պորտուգալիան պատրաստ է քննարկել պատերազմի ավարտից հետո Ուկրաինայում իր զինվորականների տեղակայման հարցը

Պորտուգալիան պատրաստ է քննարկել իր զինվորական անձնակազմի հնարավոր տեղակայումը Ուկրաինայում՝ Կիեւի եւ Մոսկվայի միջեւ ապագա խաղաղության համաձայնագրին աջակցելու համար, երբ այն կնքվի։ Այս մասին այսօր Կիեւում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պորտուգալիայի վարչապետ Լուիշ Մոնտենեգրուն, տեղեկացնում է Եվրոպեյսկայա պրավդա-ն:

Նշվում է, որ Մոնտենեգրուն հայտնել է, որ Պորտուգալիան հավատարիմ է ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը՝ Ուկրաինայում զորքերի տեղակայման հարցում։

«Մենք չենք ցանկանում այստեղ լինել պատերազմի ժամանակ, բայց Պորտուգալիան մասնակցում է եւ կմասնակցի խաղաղապահ գործողություններին՝ որպես ցանկացողների կոալիցիայի մաս։ Եվ խաղաղապահ առաքելության համատեքստում, ՆԱՏՕ անվտանգության երաշխիքների համատեքստում, ՆԱՏՕ-ն, պորտուգալական զորքերի հետ միասին, կարող է իր ուժերը տեղակայել Ուկրաինայի տարածքում։ Օրինակ՝ Լատվիայի եւ Լիտվայի հետ միասին մենք կարող ենք մասնակցել խաղաղապահ առաքելություններին եւ ապահովել անվտանգությունը»,-նշել է Պորտուգալիայի վարչապետը՝ ընդգծելով, որ իր երկիրը միշտ կաջակցի եւ կմասնակցի անվտանգության առաքելություններին։

«Դա դեռեւս նախատեսված չէ, բայց երբ այս հարցը քննարկվի, Պորտուգալիան կկարողանա մասնակցել»,- ավելացրել է նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին Բեռլինում կայացած եվրոպացի առաջնորդների հանդիպման ժամանակ առաջարկվել է ստեղծել անվտանգության ուժեր՝ Ուկրաինայում հնարավոր հրադադարն ապահովելու համար։

  • Կիսվել: