ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պոմպեոն ու Չավուշօղլուն ՆԱՏՕ-ի ԱԳՆ-ների հանդիպման ժամանակ միմյանց հասցեին մեղադրանքներ են հնչեցրել

Պոմպեոն ու Չավուշօղլուն ՆԱՏՕ-ի ԱԳՆ-ների հանդիպման ժամանակ միմյանց հասցեին մեղադրանքներ են հնչեցրել

Երկու նախարարները տարաձայնություններ են ունեցել մի շարք հարցերի շուրջ, մասնավորապես՝ Արևելյան Միջերկրական ծովի և S-400- ների հարցում։ Այս մասին հայտնում է Euronews լրատվական կայքի թուրքական բաժինը։
 
Թուրքիայի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարը միմյանց հասցեին բազմաթիվ մեղադրանքներ են հնչեցրել։  Ըստ թուրքական աղբյուրների, Թուրքիան իր թեզերում «մենակ է մնացել» և նրան ոչ ոք չի աջակցել։
 
Պոմպեոն, որը որպես ԱՄՆ պետքարտուղար վերջին անգամ էր մասնակցում ՆԱՏՕ-ի խորհրդաժողովին, Թուրքիային մեղադրել է Միջերկրական ծովում ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ լարվածությունը մեծացնելու և Ռուսաստանից  С-400 հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու մեջ։  Պոմպեոն ասել է, որ այդ քայլով Թուրքիան պարզապես նվեր է մատուցել Ռուսաստանին։  Չավուշօղլուն իր հերթին Պոմպեոյին մեղադրել է Եվրոպական երկներին զանգահարելով Թուրքիայի դեմ տրամադրելու, տարածաշրջանային հակամարտության մեջ Հունաստանի կողմը բռնելու, ինչպես նաև ամերիկյան արտադրության Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը Անկարային միտումնավոր չվաճառելու մեջ։ Չավուշօղլուն հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան աջակցում են Հայաստանին Լեռնային Ղարաբաղում:
 
Ըստ ամերիկյան աղբյուրների, որոշ նախարարներ, այդ թվում ՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը և Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը, սատարում էին Պոմպեոյին:  Ըստ Politico-ի, հանդիպման վերջում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Թուրքիան, կարծես, մեկուսացված է եղել դաշինքի մյուս 30 անդամներից։ Որոշ դիվանագետներ, ովքեր զրուցել են Politico-ի հետ, պնդում են, որ Պոմպեոն իր մասնակցած վերջին հանդիպումն օգտագործել է «բաժանումներ ստեղծելու համար, որոնք նոր վարչակազմին բարդ իրավիճակի մեջ կդնեն»:
 
ՆԱՏՕ-ի Արտաքին գործերի նախարարների հանդիպման երկրորդ օրը կշարունակվի այսօր՝ դեկտեմբերի 2-ին:

  • Կիսվել: