Ոչ մի առաջնորդ չպետք է սպառնա միջուկային հարվածով. Ամերիկյան զենքի վերահսկման ասոցիացիայի ղեկավարը՝ Թրամփին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չպետք է սպառնա Ռուսաստանին միջուկային հարվածով։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ամերիկյան զենքի վերահսկման ասոցիացիայի ղեկավար Դերիլ Քիմբոլը։
Մեկնաբանելով Թրամփի հայտարարությունը, որով նա խոստանում է սուզանավեր տեղակայել ՛՛համապատասխան տարածաշրջաններում՛՛՝ ի պատասխան Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունների՝ Քիմբոլը, մասնավորապես, նշել է. ՛՛Ոչ մի առաջնորդ կամ փոխնախագահ չպետք է սպառնա միջուկային հարվածով, առավել ևս՝ սոցիալական ցանցերում հրապարակի հուզական, մանկական գրառումներ՛՛:
Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է ՛՛լուրջ բանակցություններ սկսեն՛՛ միջուկային բախումից խուսափելու և զինանոցները կրճատելու համար։
Ավելի վաղ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել էր. ՛՛Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրերի խաղ է խաղում. 50 օր կամ 10…
Նա պետք է հիշի երկու բան՝ 1. Ռուսաստանը Իսրայել չէ և նույնիսկ Իրան չէ։
2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և պատերազմի քայլ։ Ոչ թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, այլ իր սեփական երկրի հետ։ Մի՛ գնացեք Քնկոտ Ջոյի ճանապարհով՛՛:
Ի պատասխան՝ Թրամփը նշել էր. ՛՛Հաշվի առնելով Մեդվեդևի սադրիչ հայտարարությունները՝ հրահանգել եմ 2 միջուկային սուզանավ տեղակայել համապատասխան տարածաշրջաններում, եթե այդ անհամարժեք և հրահրող խոսքերն ավելի լուրջ լինեն։ Խոսքերը մեծ նշանակություն ունեն և հաճախ կարող են հանգեցնել ոչ կանխամտածված հետևանքների։ Հուսով եմ՝ այս անգամ այդպես չի լինի՛՛:


