NYP. Իրանի դեմ ԱՄՆ նոր հարվածները ստացել են ոչ պաշտոնական «Ապտակ» գործողություն անվանումը
Իրանի դեմ ԱՄՆ հարվածների վերսկսումը ամերիկյան վարչակազմի որոշ անդամների շրջանում ստացել է «Ապտակ» գործողություն ոչ պաշտոնական անվանումը։ Այս մասին հայտնել է New York Post (NYP) թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ այդ անվանումը վկայում է այն մասին, որ վարչակազմի որոշ ներկայացուցիչներ հույս են կապում «ցավոտ, բայց արագ» ռազմական գործողությունների հետ։ «Նա [ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը] ուզում է, որ ամեն ինչ արդեն ավարտված լինի։ Բայց նա ձեռքերը ծալած չի նստի, եթե Իրանը հարվածի նավերին», - թերթին ասել է Սպիտակ տան աղբյուրը։
NYP-ը գրել է, որ «Ապտակ» անվանումը որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ օգտագործում են զրույցներում և էլեկտրոնային նամակագրության մեջ։ Որոշ աղբյուրներ նշել են, որ իրենք տեղյակ չեն այդ անվանման մասին։ Պաշտոնապես գործողությունն ստացել է «Էպիկական կատաղություն» անվանումը։
ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի 28-ին պատերազմ են սկսել Իրանի դեմ։ Օդային հարվածների հետևանքով զոհվել է նաև Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Այնուհետև շվեյցարական Բյուրգենշտոկում Դոհայի և Իսլամաբադի միջնորդությամբ տեղի են ունեցել ԱՄՆ և Իրանի բանակցությունները հուշագրի իրագործման շուրջ։ Ինչպես առաջին փուլի ավարտից հետո նշվել է Կատարի և Պակիստանի համատեղ հայտարարության մեջ, Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում, արձանագրվել է հուսադրող առաջընթաց, այդ թվում՝ ստեղծվել է հիմք հետագա տեխնիկական խորհրդակցությունների անցկացման համար։
Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ը վերսկսել է Իրանի դեմ լայնածավալ հարվածները՝ մեղադրելով նրան ձեռք բերված պայմանավորվածությունների պայմանները խախտելու մեջ Հորմուզի նեղուցին վերաբերող մասով։



