Նեթանյահուն ՄՔԴ-ին հորդորել է ձերբակալության օրդեր տալ Թուրքիայի և Պաղեստինի ղեկավարների համար
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Հաագայի Միջազգային քրեական դատարանին հորդորել է ձերբակալության օրդեր տալ Թուրքիայի և Պաղեստինի նախագահների համար՝ ՛՛Իսրայելի դեմոկրատական ճանապարհով ընտրված առաջնորդներին հետապնդելու փոխարեն՛՛, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Նեթանյահուն, մասնավորապես, ասել է. ՛՛ՄՔԴ դատախազ Քարիմ Խանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Էրդողանին, ով հայտնի է քուրդ խաղաղ բնակիչների սպանությամբ և լրագրողների բանտարկմամբ, ինչպես նաև Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի հետ, ով հերքում է Հոլոքոստը և վճարում է ահաբեկիչներին՝ հրեաներին սպանելու համար։
Ռազմական հանցագործությունների համար Էրդողանին և Աբասին ձերբակալելու օրդեր արձակելու փոխարեն, Խանը շարունակում է Իսրայելի ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդներին ներկայացնել որպես պատերազմի հանցագործներ, մինչդեռ նրանք արդար պատերազմ են մղում ահաբեկիչների դեմ՛՛:
Նշվում է, որ Իսրայելի վարչապետը հեգնանքով ասել է, որ նման երևույթ կարող է լինել միայն ՄԱԿ-ում։