ՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային. Ռյուտե
ԱՄՆ-ն, Կանադան և ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցները պատրաստ են անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային, սակայն միայն Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, տեղեկացնում է Ինտերֆաքսը:
Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի գլխավորած «ցանկացողների դաշինք»-ն աշխատում է անվտանգության երաշխիքների մեխանիզմի մշակման ուղղությամբ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարծիք է հայտնել, որ խաղաղության համաձայնագրի կամ երկարաժամկետ հրադադարի հաստատումից հետո անհրաժեշտ է կանխել նոր ռազմական գործողությունների բռնկմանը հանգեցնող իրավիճակի կրկնությունը։
Ավելի վաղ «ցանկացողների դաշինք»-ի երկրները և ԱՄՆ-ը համաձայնեցրել էին ապագա երաշխիքների համակարգի հիմնական տարրերը։ Դրանք ներառում են հրադադարի մշտադիտարկման մեխանիզմը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, ինչպես նաև ուկրաինական բանակին հետագա աջակցության ցուցաբերումը, բազմազգ ուժերի տեղակայման հնարավորությունը և ապագայում ռազմական գործողությունների բռնկման դեպքում Ուկրաինային օգնություն ցուցաբերելու պարտավորությունները։



