ՆԱՏՕ-ն չի կարծում, թե աշխարհը մոտեցել է միջուկային պատերազմին Իրանին Իսրայելի հարվածից հետո
ՆԱՏՕ-ն չի կարծում, թե աշխարհը մոտեցել է միջուկային պատերազմի Իրանին Իսրայելի հարվածի պատճառով: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ստոկհոլմում կայացած մամուլի ասուլիսում, ուր նա ժամանել է Բիլդերբերգյան ակումբի հանդիպմանը մասնակցելու համար:
Ռյուտեին հարց են ուղղել՝ արդյոք աշխարհը մոտեցել է միջուկային պատերազմի Իրանին Իսրայելի հարվածից հետո:
«Ոչ, ոչ, մենք դրան չենք հասել: ՆԱՏՕ-ի բոլոր երկրներն արդեն աշխատում են ապաէսկալացման ուղղությամբ», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև հայտարարել է, որ Իրանին հարվածն Իսրայելի միակողմանի գործողությունն է, ուստի ՆԱՏՕ-ի երկրները, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, պետք է նպաստեն Մերձավոր Արևելքում ապաէսկալացմանը։
«Դա միակողմանի ակցիա է Իսրայելի կողմից: ՆԱՏՕ-ի դաշնակիցները և առաջին հերթին՝ ԱՄՆ-ն, պետք է նպաստեն ապաէսկալացմանը, և ես գիտեմ, որ նրանք արդեն դա անում են», - ասել է Ռյուտեն՝ պատասխանելով Իրանին Իսրայելի ավիահարվածի մասին հարցին:
Գիշերն Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի մայրաքաղաք Թեհրանին և նրա շրջակայքին, ինչպես նաև Իրանի այլ քաղաքներին։ Հարվածի թիրախ է դարձել նաև Նաթանզի միջուկային օբյեկետը։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր «Վեր հառնող առյուծ» գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է Իրանի միջուկային ծրագրի դեմ։ Հարվածների թիրախում են հայտնվել նաև բնակելի շենքեր։ Զոհվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ և միջուկային ոլորտի մասնագետներ։ Իրանը խոստացել է վճռորոշ պատասխան տալ իսրայելական հարվածներին։