երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ռյուտեի թեկնածությունը պաշտպանում են 28 երկրներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ռյուտեի թեկնածությունը պաշտպանում են 28 երկրներ

Նիդեռլանդների վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում պաշտպանում են դաշինքի 32 երկրներից 28-ը։ Այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Նշվում է, որ ըստ NOS հեռուստաալիքի՝ ապրիլի 3-4-ը Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանն ակտիվորեն կքննարկվի ներկայիս գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին փոխարինողի թեման, սակայն վերջնական որոշում դժվար թե կայացվի։

«Առայժմ 32 երկրներից 28-ը, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, արդեն իրենց աջակցությունն են հայտնել Ռյուտեին։ Բայց նշանակվելու համար աջակցությունը պետք է լինի բոլոր երկրներից: Ուստի աշխույժ քննարկումներ են ընթանում կուլիսներում», - նշել է հեռուստաալիքը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնում է նաև Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը։ Հունգարիան, Սլովակիան և Թուրքիան կասկածներ ունեն Ռյուտեի վերաբերյալ, պնդում է NOS-ը։ Միևնույն ժամանակ, ըստ հրապարակման, Ռյուտեն լավագույն շանսերն ունի, քանի որ նրան պաշտպանում է ԱՄՆ-ն։

Ստոլտենբերգի լիազորությունների գործողության ժամկետը լրանում է հոկտեմբերի 1-ին։ Ավելի վաղ ենթադրվում էր, որ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա ներկայիս հանդիպմանը, որն անցկացվում է ՆԱՏՕ-ի 75-ամյակի առթիվ:

  • Կիսվել: