ՆԱՏՕ-ի երկրները փորձում են ռազմականացնել Արկտիկան. Լավրով
Ռուսաստանն արձանագրել է Արկտիկան ռազմականացնելու ՆԱՏՕ-ի երկրների փորձերը։ Եվրասիայում անվտանգության և համագործակցության միասնական, հավասար համակարգի ձևավորման խնդիրներին նվիրված միջազգային հասարակական-քաղաքական լսումների լիագումար նիստի բացման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ Լավրովն ասել է, որ Մոսկվայի պատասխանը կլինի «և՛ հայեցակարգային, և՛ գործնական»։
«Եթե նայենք մայրցամաքի հյուսիսին, կտեսնենք Արկտիկան ռազմականացնելու բացահայտ փորձեր, այնտեղ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքները ներթափանցելու պատրվակների փնտրտուք: Այս անբարենպաստ միտումները պահանջում են համարժեք արձագանք՝ թե՛ հայեցակարգային, թե՛ գործնական։ Մենք համոզված ենք, որ եվրասիական մյուս պետությունների մեծամասնությունը ևս այդպես է մտածում և չի կարող գոհ լինել նման իրավիճակից»,-հավելել է նա:
Լավրովի խոսքով՝ Մոսկվան բնավ շահագրգռված չէ որևէ կողմի հետ անվերջ բախումներով։
«Մեր շահագրգռվածությունն է երաշխավորել հուսալի անվտանգություն, կայունություն և զարգացման հավասար պայմաններ բոլոր պետությունների համար։ Համոզված ենք՝ միայն նման արդար մոտեցումը գոյության իրավունք ունի»,-ասել է Լավրովը: