երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Նախնական հետաքննությունը ցույց է տալիս, որ Իսրայելն է պատասխանատու․ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը՝  անօդաչուով հարձակման մասին

Նախնական հետաքննությունը ցույց է տալիս, որ Իսրայելն է պատասխանատու․ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը՝ անօդաչուով հարձակման մասին

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Ամիր Սաեիդ Իրավանին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում հայտնել է, որ «նախնական հետաքննությունը ցույց է տալիս, որ Իսրայելն է պատասխանատու» շաբաթ օրը  Իրանի կենտրոնական Սպահան նահանգում ռազմարդյունաբերական համալիրի վրա անօդաչուով հարձակման համար, ինչի հետևանքով, ըստ Թեհրանի, ո՛չ զոհեր կան, ո՛չ ծանր վնասներ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Իրանը հավատարիմ է իր լեգիտիմ ու առաջնային իրավունքին՝ պաշտպանելու իր ազգային անվտանգությունն ու վճռականորեն պատասխանելու սիոնիստական ռեժիմի (Իսրայել) ցանկացած փորձի կամ սխալ արարքի երբ ու որտեղ անհրաժեշտ լինի»,- գրել է Իրավանին իր նամակում։

Նա նաև նշել է, որ սիոնիստական ռեժիմի այս արարքները միջազգային իրավունքի խախտում են։

Հունվարի 28-ի երեկոյան Իսպահանում տեղի է ունեցել հզոր պայթյուն։ Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դա անօդաչուների «անհաջող գրոհ» էր։ Իրանական ԶԼՄ-ները գրել են առնվազն հինգ նահանգներում պայթյունների մասին։

Մամուլում տարածվել են չհաստատված տեղեկությունները, որ պայթյունների հետեւում Իսրայելն է կանգնած։ Նման եզրակացությունները հիմնվում են Նեթանյահուի արած հայտարարության վրա։

Իրանի խորհրդարանում հայտարարել են, որ իրանական կողմն անպատասխան չի թողնի Սպահանում պաշտպանության նախարարության օբյեկտի դեմ գրոհը։

  • Կիսվել: