հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Նախիջեւանում բողոքի ակցիա է՝ ընդդեմ Իրանի մաքսատան

Նախիջեւանում բողոքի ակցիա է՝ ընդդեմ Իրանի մաքսատան

Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության գլխավոր մաքսային վարչության առջեւ բեռնատարների վարորդները ակցիա են անցկացրել, հայտնում է ԱՊԱ-ն։

Ակցիայի պատճառն այն է, որ վերջին երկու ամիսների ընթացքում Իրանի մաքսատան աշխատակիցները բեռնատարների վարորդներից սահմանն անցնելիս կաշառք են պահանջում եւ առանց հիմնավորման օրերով նրանց կանգնեցնում այնտեղ։ Ակցիային մասնակցել է բեռնատարի ավելի քան 80 վարորդ։

«Բիլասուվարյան մաքսատանը իրանցի մաքսավորները ամեն անգամ մեզ ճնշում են եւ ամեն անգամ կաշառքի համար տարբեր գումարներ են պահանջում։ Լինում է, որ Նախիջեւանից Բաքու մեր ուղեւորությունն ավելի քան 800-1000 մանաթ է արժենում։ Նրանք սպառնում են թմրանյութեր նետել մեր մեքենաների մեջ, եթե մենք կաշառք չտանք», - ասում են վարորդները՝ պահանջելով, որ այս հարցը լուծվի։ Վարորդները հրաժարվում են աշխատել, մինչեւ նրանց խնդիրները չլուծվեն։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ մինչդեռ նրանք սպասում են իրենց հերթին, իրանական եւ մյուս օտարերկրյա բեռնատարներն առանց հերթի անցնում են։

«Ճանապարհը, որը երկու օր էր տեւում, այժմ 12 օրում ենք անցնում», - բողոքել են վարորդները։

Նշենք, որ ակցիան կարելի է դիտարկել որպես Լաչինի միջանցքի «բնապահպանական ակցիայի» յուրատեսակ շարունակություն։ Թեեւ բացահայտ չի ասվում, ակցիայի ենթատեքստը Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցությունը բացելու պահանջն է, այլ կերպ ասած, այս պահանջն ուղղակիորեն վերաբերում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։

  • Կիսվել: