երկուշաբթի, սեպտեմբեր 21
21 / 9 / 2026
ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին

ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազությունը քայլեր չի ձեռնարկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության օրդերները չեղարկելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է դատարանի դատախազի պաշտոնակատար Նազհատ Շամիմ Խանը։

«Մենք որևէ քայլ չենք ձեռնարկել ձերբակալման օրդերներ ստանալու վերաբերյալ այդ միջնորդագրերից կամ հենց օրդերներից որևէ մեկը հետ կանչելու ուղղությամբ», — CNN հեռուստաընկերության եթերում ասել է նա՝ պատասխանելով ամերիկյան պատժամիջոցների ֆոնին իսրայելցի քաղաքական գործիչների վերաբերյալ գործի ընթացքին առնչվող հարցին։ Խանը նաև հստակեցրել է, որ ՄՔԴ դատախազության աշխատակիցների խումբը շարունակում է քննությունը։ Նա ընդգծել է, որ ձերբակալման օրդերների համար դիմելիս դատախազությունը «առաջնորդվում է օրենքով ու ապացույցներով» և «մերժում է իր աշխատանքում որևէ թաքնված դրդապատճառների մասին ենթադրությունները»։

2024 թվականի նոյեմբերի 21-ին ՄՔԴ-ն հայտնել էր Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերներ թողարկելու մասին՝ «Պաղեստինի տարածքում, այդ թվում՝ Գազայի հատվածում, առնվազն 2023 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2024 թվականի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում ենթադրյալ ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար»։ 2025 թվականի փետրվարի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել ՄՔԴ պաշտոնատար անձանց նկատմամբ։ Ամերիկյան կառավարությունը մեղադրել էր ատյանին Վաշինգտոնի և նրա դաշնակիցների, օրինակ՝ Իսրայելի նկատմամբ անօրինական գործողությունների մեջ։ Հրամանագիրը թույլ է տալիս ֆինանսական և վիզային սահմանափակումներ կիրառել ՄՔԴ այն աշխատակիցների, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների նկատմամբ, ովքեր առնչություն ունեն ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների քաղաքացիների դեմ իրականացվող քննություններին։

  • Կիսվել: