շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մոտեցավ ու հարցրեց՝ ի՞նչ է ուզում Կիևը Մոսկվայից. Զելենսկին՝ Լավրովի հետ հանդիպման մասին

Մոտեցավ ու հարցրեց՝ ի՞նչ է ուզում Կիևը Մոսկվայից. Զելենսկին՝ Լավրովի հետ հանդիպման մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատմել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ մի քանի տարի առաջ կայացած զրույցի մասին, որի ընթացքում նրան ասել է, որ կցանկանար Կիևի և Մոսկվայի հարաբերությունները վերադարձնել «10 տարի առաջ», գրում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ ինքը Լավրովի հետ հանդիպել է ԱՄՆ-ում, դա եղել է 2019 թվականին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում։ Զելենսկիի խոսքով՝ իրեն է մոտեցել ՌԴ ԱԳՆ ղեկավարը, ներկայացել ու հարցրել, թե ինչ է ուզում Կիևը Մոսկվայից։

«Ես նրան ասացի. «Գիտեք, ես ուղղակի ճշմարտությունն եմ ուզում, և եթե դա մեր միջև լինի…, ապա ես շատ կուզենայի, որ դուք ազատեիք մեր տարածքները, և մեր երկրների հարաբերությունները վերադառնան… 10 տարի առաջ»,- հինգշաբթի արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին նաև հիշեցրել է, որ Ռուսաստանում ուներ մեծ թվով ընկերներ և բիզնես գործընկերներ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

  • Կիսվել: