Մոսկվան շարունակում է համոզել Անկարային ցամաքային գործողություններ չսկսել Սիրիայում. ՌԴ ԱԳՆ տեղակալ
Մոսկվան շարունակում է համոզել Անկարային ցամաքային գործողություններ չսկսել Սիրիայում, այս ուղղությամբ հաջողություններ կան: Այս մասին այսօր ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Լրագրողների հետ զրույցում նա նշել է. ՛՛Եթե չի սկսվել ցամաքային գործողությունը, նշանակում է կան հաջողություններ, մենք կշարունակենք շփումները՛՛:
Իր հերթին ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինն ասել է. ՛՛Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունները բարդ են, Մոսկվան հանդես է գալիս դրանց կարգավորման օգտին, տեսնում է տարածաշրջանի այս երկու կարևոր երկրների միջև ընդհանուր հայտարարի գալու անհրաժեշտությունը՝ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու համար՛՛:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ից Անկարան օդային գործողություններ է իրականացնում Սիրիայի հյուսիսում Քրդստանի աշխատավորական կուսակցության սիրիական թևի դեմ: Հաղորդվում է, որ հարվածներ են հասցվել Քոբանի քաղաքին, ինչպես նաև Իրաքի հյուսիսում: Թուրքիայի նախագահ Էրդողանը գործողությունն անվանել է հաջողված և չի բացառել, որ դրան կհաջորդի ցամաքայինը։



