հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել Երևան-Բաքու խաղաղության պայմանագրի նախապատրաստման չափազանց կարևոր գործընթացին՝ ելնելով տարածաշրջանային կայունության շահերից. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել Երևան-Բաքու խաղաղության պայմանագրի նախապատրաստման չափազանց կարևոր գործընթացին՝ ելնելով տարածաշրջանային կայունության շահերից. ՌԴ ԱԳՆ

Հարավային Կովկասում Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման խթանումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների համաձայն։ Դրանց իրականացումը դիտարկում ենք որպես տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, վստահության վերականգնման և Բաքվի և Երևանի միջև լիարժեք համագործակցության ապահովման հիմնական պայման։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության՝ ԶԼՄ-ների համար հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է վաղը Մոսկվայում  ՌԴ-ի և ՀՀ-ի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ:

«Ռուսական խաղաղապահ զորախումբը նպաստում է իր պատասխանատվության գոտում անվտանգության պահպանմանը: Խաղաղապահներն օգնում են փախստականների վերադարձին, խաղաղ կյանքի հաստատմանը, ականազերծմանը, միջնորդում են ռազմագերիների և կալանավորների փոխանակման հարցում, ինչպես նաև մարդասիրական պարագաներ են տրամադրում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։

Ռուսական ջանքերի կարևորագույն ուղղությունը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն է։ Հայ և ադրբեջանցի գործընկերների հետ համատեղ Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, որը համանախագահում են փոխվարչապետները, իրականացվում է կոնկրետ ենթակառուցվածքային նախագծերի փաթեթի համաձայնեցում, ինչը հնարավորություն կտա երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցություն հաստատել, ինչպես նաև կնպաստի տնտեսական կապերի վերականգնմանը։ 

Մենք կողմ ենք հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման հարցով երկկողմ հանձնաժողովի աշխատանքների շարունակությանը։ Սահմանազատման գործընթացի մեկնարկը նպատակ ունի նպաստել սահմանային միջադեպերի դադարեցմանը։ Ռուսաստանը կողմերի խնդրանքի դեպքում կտրամադրի անհրաժեշտ խորհրդատվական օգնություն։

Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը կոչված է ամրապնդելու հարաբերությունների հիմնարար սկզբունքները, հիմքեր դնելու երկարաժամկետ հեռանկարում փոխշահավետ համագործակցության համար։ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել այս չափազանց կարևոր գործընթացին՝ ելնելով տարածաշրջանային կայունության շահերից։

Հումանիտար ոլորտում շփումները կոչված են ամրապնդելու վստահությունը Երևանի և Բաքվի միջև։ Ռուսական կողմը կշարունակի աջակցել քաղաքացիական հասարակության, խորհրդարանականների և փորձագիտական շրջանակների փոխգործակցությանը՝ ուղղված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: