Մոլդովայի ԱԳՆ-ն Կոբխիձեի հայտարարության պատճառով կանչել է Քիշնևում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Քիշնևում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Դավիլա Բոչորիշվիլիին՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ Մոլդովայի նախագահական ընտրությունների խախտումները հետաքննելու վերաբերյալ հայտարարության պատճառով։
Ըստ վրացական ԶԼՄ-ների՝ գերատեսչությունը դժգոհություն է հայտնել Կոբախիձեի «խեղաթյուրված և անհամապատասխան» հայտարարություններից։
«Ցանկանում ենք նշել, որ Մոլդովայի Հանրապետության և Վրաստանի միջև համագործակցության և ավանդական բարեկամության հարաբերությունները, ինչպես նաև այն նպատակները, որոնք մեր պետություններից յուրաքանչյուրը հետապնդում է եվրաինտեգրման գործընթացում, պետք է գերակայեն»,-ասված է Մոլդովայի ԱԳՆ հայտարարությա մեջ։
Անցյալ շաբաթ Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Իրակլի Կոբախիձեն եվրոպացի առաջնորդներին մեղադրել է երկակի ստանդարտների մեջ՝ պահանջելով հետաքննել Վրաստանում խորհրդարանական ընտրություններում կեղծիքները: Նրա խոսքով, Մոլդովայի նախագահական ընտրությունների ժամանակ «շատ ավելի շատ խախտումներ են եղել»։ Նախօրեին, վերադառնալով այս թեմային, նա հայտարարել էր, որ եթե հետաքննություն պետք է իրականացվի, ապա դա պետք է լինի Մոլդովայում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոլդովայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել է հոկտեմբերի 20-ին, երկրորդը՝ նոյեմբերի 3-ին։ Նախագահ Մայա Սանդուն հաղթել է ձայների 55,33 տոկոսով, մինչդեռ ընդդիմությունը չի ճանաչել դրանց արդյունքները։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքներով հաղթել է իշխող «Վրացական երազանքը»։ Ընդդիմությունը բազմաթիվ խախտումներ է արձանագրել։ ԵՄ երկրները հետաքննություն անցկացնելու կոչ են արել: