Միջազգային իրավունքի աննկարագրելի խախտում․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումների մասին
Ամերիկաիսրայելական տանդեմը շարունակում է զանգվածային հարվածներ հասցնել իրանական ռազմական, քաղաքացիական և, ինչն ամենավտանգավորն է, միջուկային օբյեկտներին՝ հաշվի չառնելով ո՛չ խաղաղ բնակչության շրջանում զոհերի, ո՛չ հնարավոր ռադիոլոգիական և բնապահպանական հետևանքները: Այս մասին ասված է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ չնայած դեռևս անցյալ տարվա հունիսին ամերիկյան ավիահարվածների հետևանքով իրանական միջուկային ծրագրի «լիակատար ոչնչացման» մասին հայտնի պնդումներին՝ մարտի 21-ի առավոտյան կրկին հարվածներ են հասցվել Իրանի Նաթանզ քաղաքում գտնվող ուրանի հարստացման ձեռնարկությանը, որը գտնվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) երաշխիքների ներքո:
«Սա միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի և ԱԷՄԳ-ի կանոնադրությունների, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Գործակալության Գլխավոր համաժողովի համապատասխան բանաձևերի աննկարագրելի խախտում է։ Միջազգային հանրությունը՝ ներառյալ ՄԱԿ-ի և ԱԷՄԳ-ի ղեկավարությունը, պարտավոր են անհապաղ օբյեկտիվ և անզիջում գնահատական տալ այս անպատասխանատու գործողություններին, որոնք աղետի իրական վտանգներ են ստեղծում ողջ Մերձավոր Արևելքի մասշտաբով և բացահայտորեն ուղղված են տարածաշրջանում խաղաղության, կայունության ու անվտանգության հետագա քայքայմանը»,-ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
Նշենք, որ ավելի վաղ Իրանը հայտնել է ԱԷՄԳ-ին, որ այսօր Նաթանզի միջուկային օբյեկտը ենթարկվել է հարձակման:


