ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մեծ Բրիտանիայի փոխվարչապետը հրաժարական է տվել

Մեծ Բրիտանիայի փոխվարչապետը հրաժարական է տվել

Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Դոմինիկ Ռաաբը հրաժարական է տվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ադամ Թոլեյի հետաքննության արդյունքում հայտնված զեկույցը ստանալուց հետո ես հրաժարական եմ տալիս։ Կոչ էի արել հետաքննություն անցկացնել և պարտավորվել էի հրաժարական տալ, եթե պարզվի, որ բուլինգ է եղել։ Խոստումը պահելը կարևոր է», - ասված է հայտարարության մեջ, որը Ռաաբը հրապարակել է Twitter-ում։

Նրա կարծիքով ՝ հետաքննության մեջ հաշվի են առնվել միայն երկու մեղադրանքներ, իսկ իր մասին մյուս հայտարարությունները անտեսվել են։ Ռաաբը կարծում է, որ հետաքննության մեջ հաշվի առնված երկու մեղադրանքները վտանգավոր նախադեպ են ստեղծում բրիտանական կառավարության համար:
 
Դոմինիկ Ռաաբը ներողություն է խնդրել, եթե ինչ–որ մեկին ակամա սթրեսի է ենթարկել։ Բացի այդ, նա հայտարարել է, որ շարունակում է աջակցել Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակին:
Ռաաբի անպատշաճ պահվածքի վերաբերյալ առաջին մեղադրանքները հայտնվեցին 2022 թվականի նոյեմբերին։ Փոխվարչապետը Սունակին խնդրել էր, որ փաստաբան Ադամ Թոլեյն անկախ հետաքննություն անցկացնի։
 
Մինչ այդ «Guardian» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ երբ Ռաաբը վերանշանակվել է փոխվարչապետի պաշտոնում, գրասենյակի 15 աշխատակիցներին տարել են առանձին սենյակ և առաջարկել են փոխել պաշտոնը: Նրանցից ոմանք արտասվել են, մի քանիսն ընդունել են առաջարկը։ Աղբյուրների փոխանցմամբ՝ Ռաաբը նախարարությունում վախի մշակույթ է ձևավորել, կոպիտ ու ագրեսիվ պահվածք է դրսևորել։

  • Կիսվել: