Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և կից օրենքներում
Նախագծերի ընդունման նպատակն է ներքին գործերի բնագավառում երկարաժամկետ կտրվածքով հանրային անվտանգության որակյալ մասնագետների ապահովումը, ինչպես նաև երիտասարդների մասնագիտական կողմնորոշման, նպատակային մասնագիտական կրթության՝ ՆԳՆ բնագավառում ծառայության անցնելու և երկարաժամկետ ծառայողական կարիերայի միասնական ու շարունակական ուղու ձևավորման հնարավորության ստեղծումը: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը՝ նոյեմբերի 17-ին ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։
Արմեն Մկրտչյանի խոսքով պետական պատվերի շրջանակում՝ ՆԳՆ կողմից սահմանված տեղերի և կրթական ծրագրերի շրջանակում ՆԳՆ ուսումնական հաստատություն ընդունվելու և ոստիկանության կամ փրկարար ծառայության միջին մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություն է նախատեսվում այն քաղաքացիների համար, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն կամ ստացել են զինվորական ծառայության զորակոչից տարկետում:
Համապատասխան կրթական ծրագիրն ավարտած անձանց համար երաշխավորվում է ոստիկանության կամ փրկարար ծառայության միջին պաշտոններում ծառայության անցնելը՝ ՆԳՆ համակարգում անընդմեջ 10 տարի ծառայելու պայմանով: Ուսումնառության ամբողջ ժամկետով, ինչպես նաև անընդմեջ ծառայության ժամկետով, բայց ոչ ավելի, քան մինչև 35 տարին լրանալը, նախատեսվում է նաև այդ անձանց զորակոչի տարկետում: 10 տարի անընդմեջ ծառայությունից կամ 35 տարին լրանալուց հետո այդ անձանց պարտադիր զինվորական ծառայության անցնելու պարտավորությունը համարվում է իրացված:
Զեկուցողի խոսքով որպես պայմանի խախտման հետևանք՝ նախատեսվում է ուսման ծախսերը փոխհատուցելու պարտավորություն՝ բացառությամբ հիվանդության պատճառով կամ ժամանակավոր անաշխատունակության հետևանքով ծառայությունից ազատվելու դեպքերի, ինչպես նաև ընդհանուր հիմունքներով զորակոչի ենթարկվելու պարագայում: Միաժամանակ, ծառայության անցնելու գրավչության խթանման նպատակով այս կրթական ծրագիրն ավարտած ծառայողներն անձնակազմի համալրման նպատակով համարվելու են ատեստավորված: Նախարարի տեղակալը նշել է, որ ներկայիս կարգավորումներով պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու լիազորություններ ունեցող հանրային ծառայության պաշտոնում նշանակված անձն ազատվում է զբաղեցրած պաշտոնից, եթե վերջինիս լիազորությունները դադարեցվում են կամ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն չի ստանում, այդ թույլտվությունը մերժվում կամ դադարեցվում է:
Համանման կարգավորում նախատեսվում է նաև կրթահամալիրի սովորողների համար, քանի որ նրանք համարվում են ոստիկանության ծառայող և այդ հիմքով ազատվելուց հետո նրանք պարտավորվելու են փոխհատուցել ուսման ծախսերը։
Վերջին առաջարկով նախատեսվում է իրավական որոշակիություն մտցնել փրկարար ծառայողների բժշկական ստուգումներ և փորձաքննություններ անցնելու տեսանկյունից՝ հստակեցնելով, որ վերջիններս անցնում են ոստիկանության բժշկական հանձնաժողովով:
Արմեն Մկրտչյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը։



