երեքշաբթի, նոյեմբեր 17
17 / 11 / 2026
Ավագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետն առաջարկվում է փոխել

Ավագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետն առաջարկվում է փոխել

Ազգային ժողովը նոյեմբերի 17-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-164-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով։

Հիմնավորմամբ առաջարկվում է օրենսդրությամբ նախատեսված ժամկետների փոփոխություն, որի արդյունքում ավագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի հուլիսի 1-ը։ Համապատասխան ժամկետները կհստակեցվեն նաև հարակից օրենքներում։

Կապահովվեն անհատական լիցենզավորման համակարգի հետևողական և փուլային ներդրումը, անցումային դրույթների փոխհամաձայնեցված կիրառումը, բուժաշխատողների տարբեր խմբերի համար իրավական որոշակիությունը և մասնագիտական գործունեության ու ուսումնառության շարունակականությունը։ Հնարավորություն է տրվում մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը կլինիկական օրդինատուրա (կլինիկական ռեզիդենտուրա) ընդունված անձանց կամավորության սկզբունքով անցումային լիցենզիա ստանալ և դրա հիմքով աշխատանքի թույլտվություն ձեռք բերել ուսումնառության ընթացքում։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, խոսելով բուժօգնության որակի մասին, կարևորել է բժիշկների կրթական հմտությունների ու բարեվարքության շարունակական բարելավումը։ Նախարարը նշել է, որ առաջիկա 5 տարիների ընթացքում գործարկման փուլում կանցկացվի 20 000 մասնակցի լիցենզավորում, որից հետո կիրականացվի ընթացիկ լիցենզավորման գործընթացը։ «Ամեն անգամ, երբ բժիշկը կավարտի ուսումնառությունը, կստանա կլինիկական օրդինատուրայի համար ժամանակավոր (սահմանափակ) լիցենզիա, իսկ ավարտելուց հետո՝ մասնագիտական լիցենզիան»,- նշել է նախարարը։

Հարակից զեկույցում Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը։

  • Կիսվել: