Մերցի կառավարությունը թույլատրել է գրեթե 4 միլիոն եվրոյի սպառազինությունների արտահանումն Իսրայել
Գերմանիայի նոր կառավարությունը՝ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ, իշխանության գալու պահից հավանություն է տվել գրեթե 4 միլիոն եվրոյի սպառազինությունների արտահանմանն Իսրայել: Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:
Նշվում է, որ ըստ DPA գործակալության՝ երկրի էկոնոմիկայի նախարարությունն այս տվյալները ներկայացրել է Բունդեսթագում Ձախ կուսակցության խմբակցությունից պատգամավոր Դեզիրե Բեքերի հարցմանն ի պատասխան:
Մայիսի 7-ից մինչև հունիսի 10-ն ընկած ժամանակաշրջանում թույլատրվել են ընդհանուր առմամբ 3,986 միլիոն եվրոյի զենքի մատակարարումներ հրեական պետությանը: Այսպիսով, Գերմանիայի կառավարությունը վերջին ժամանակներս առաջին անգամ հրապարակայնորեն հայտարարել է Իսրայել զենքի արտահանման ծավալների մասին: Ավելի վաղ նախարարների կաբինետը վկայակոչել էր զենքի արտահանման վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը:
Գազայի հատվածում ստեղծված իրադրության կապակցությամբ Գերմանիայում ավելի ու ավելի բարձր են հնչում Իսրայելին սպառազինությունների մատակարարումների նկատմամբ էմբարգո սահմանելու կոչերը: