կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Մենք կարող ենք կրկին հարձակվել Իսրայելի վրա, Իրանը չի ընդունում սպառնալիքի լեզուն. Փեզեշքիան

Մենք կարող ենք կրկին հարձակվել Իսրայելի վրա, Իրանը չի ընդունում սպառնալիքի լեզուն. Փեզեշքիան

ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է դիմակայել Սիոնիստական ռեժիմի կողմից ցանկացած ռազմական գործողության, գրում է parstoday.ir-ը:

Տարածաշրջանում վերջին զարգացումների մասին «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն ասել է․ «Մենք պատրաստ ենք դիմակայել Սիոնիստական ռեժիմի կողմից ցանկացած ռազմական գործողության։ Իսրայելը մեզ վնաս է պատճառել։ Մենք նունպես ուժեղ հարվածներ ենք հասցրել, բայց ռեժիմը թաքցնում է իր կրած վնասները»։
Նշելով, որ Իսրայելը ձգտում էր փոխել, մասնատել և վերացնել Իրանը՝ քաոսի և համակարգի քայքայման միջոցով, սակայն ձախողվեց, նախագահը հավելել է. «Կասկած չկա, որ երկիր ներթափանցումներ եղել են, բայց որոշիչ գործոնը եղել են տեխնոլոգիաներն ու ամերիկյան կարողությունները»։

Մենք հույս չենք դնում կայուն հրադադարի վրա

ԻԻՀ նախագահի խոսքով․ «Մենք պատերազմ չենք ուզում և հրադադարի մշտական լինելու վրա էլ չենք հենվում։ Բայց մենք կպաշտպանվենք ողջ ուժով։ Իրանը չի հանձնվել և չի հանձնվի, և սա բոլորի համար պարզ է։ Իրանը հավատում է դիվանագիտությանը և երկխոսությանը։ Տարածաշրջանի երկրները երբեք այնքան աջակցող դիրքորոշում չեն ցուցաբերել Իրանի նկատմամբ, որքան վերջին պատերազմի ժամանակ»։

Իրանը կշարունակի ուրանի հարստացումը

Նշելով, որ Իրանը դեմ է միջուկային զենքին, Փեզեքշյանն ասել է. «Սա մեր քաղաքական, կրոնական, մարդասիրական և ռազմավարական դիրքորոշումն է։ Իրանի տարածքում ուրանի հարստացումը կշարունակվի նաև ապագայում՝ միջազգային իրավունքի շրջանակներում»։
Նա հավելել է. «Ապագա ցանկացած բանակցություն պետք է հիմնված լինի փոխադարձ շահի տրամաբանության վրա, և Իրանը չի ընդունի սպառնալիքներ կամ հրամաններ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, և մենք դա ընդունում ենք ոչ թե Թրամփի խոսքերի, այլ Իսլամական հեղափոխության առաջնորդի ֆաթվայի պատճառով։ Ասել, որ Իրանի միջուկային ծրագիրն ավարտված է, պատրանք է։ Իրանի միջուկային կարողությունները ոչ թե օբյեկտներում են, այլ մեր գիտնականների մտքերում»։

Կատարը Իրանի քույր երկիրն է

Անդրադառնալով Թեհրանի կողմից Կատարում գտնվող ամերիկյան «Ալ-Ուդեյդ» ավիաբազայի վրա հարձակմանն ԻԻՀ նախագահը հավելել է. «Մենք չենք հարձակվել Կատարի վրա և չենք կարող դա անել։ Այդ երկիրը մեր քույր երկիրն է, իսկ նրա ժողովուրդը՝ մեր եղբայրներն են ու Իրանը նրանց ամեն կերպ աջակցում է։ Մենք չենք հարձակվել Կատարի վրա, այլ հարձակվել ենք ամերիկյան բազայի վրա, որը ռմբակոծել էր Իրանը։ Ես հասկանում եմ կատարցիների զգացմունքներն ու դիրքորոշումը տեղի ունեցածի վերաբերյալ, և այդ պատճառով հեռախոսով խոսեցի՝ Կատարի էմիրի հետ։ Կատարի նկատմամբ մեր դիրքորոշումը բարի, դրական և եղբայրական է, և մենք պատրաստ ենք օգնել նրանց ցանկացած ոլորտում»։
Իր դեմ մահափորձի վերաբերյալ Փեզեշքյանն ասել է. «Այդ մահափորձն Իսրայելի կողմից ռազմական պաշտոնյաներից հետո իրանցի քաղաքական պաշտոնյաներին սպանելու ջանքերի մի մասն էր»։

 

  • Կիսվել: