Մասկը պատրաստ է ջախջախել Թրամփի և հանրապետականների քաղաքական պլանները. NBC News.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և միլիարդատեր Իլոն Մասկի միջև դիմակայությունը կարող է հանգեցնել նրան, որ հանրապետականները կկորցնեն իրենց մեծամասնությունը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, հայտնում է NBC News-ը։
Հանրապետականները մտավախություն ունեն, որ հարկերի և ծախսերի մասին օրինագծի շուրջ հակամարտությունը կարող է հանգեցնել լուրջ քաղաքական հետևանքների, որոնք կտևեն շաբաթներ, ամիսներ, իսկ հնարավոր է՝ նույնիսկ տարիներ։
Մասկի խորհրդականը, անանուն մնալու պայմանով, պարբերականին նշել է, որ գործարարին չի հետաքրքրում ո՛չ Հանրապետական կուսակցությունը, ո՛չ էլ Կոնգրեսում տեղ ունենալը, սակայն հավելել է, որ «նա պատրաստ է ոչնչացնել նրանց»։
«Մենք արդեն գիտենք, որ հանրապետականները կորցնելու են Ներկայացուցիչների պալատը։ Սենատը, հավանաբար, կմնա նրանցը, բայց Իլոնին չի հետաքրքրում այս ամբողջ կուսակցական պատմությունը», - ասել է խորհրդականը։
Այս ամենի ֆոնին հանրապետականներն էլ ավելի են անհանգստանում իրենց պաշտոնները կորցնելու ռիսկից, մասնավորապես՝ 2026 թվականին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների համատեքստում։ Կոնգրեսականների և նրանց խորհրդականների հետ զրույցներից ակնհայտ է դարձել, որ Թրամփի կամ Մասկի կողմն անցնելը չափազանց ռիսկային է։
«Ես հեռու եմ մնում։ Առակաց գրքում լավ խոսք կա. «Ուրիշների վեճերին մի՛ խառնվիր»։ Ես այս անգամ մի կողքմ կքաշվեմ», - ասել է կոնգրեսական Դոն Բեյքոնը, որը ներկայացնում է Նեբրասկայի մրցակցային ընտրատարածքներից մեկը։
Միևնույն ժամանակ Թրամփի դաշնակիցներն արդեն իսկ նրան կոչ են անում կոշտ գործողությունների դիմել Մասկի դեմ։ Մասնավորապես, Սպիտակ տան նախկին խորհրդական Սթիվ Բենոնն առաջարկել է չեղարկել գործարարի հետ կապված ընկերությունների հետ բոլոր պայմանագրերը և նախաձեռնել լայնածավալ հետաքննություններ։ Ըստ նրա, ստուգման պետք է ենթարկվեն գործարարի միգրացիոն կարգավիճակը, գաղտնի տեղեկատվության հասանելիության թույլտվությունները, թմրանյութեր օգտագործելու կասկածները, Չինաստանի հետ կապերը և Թրամփի երդմնակալությանը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին ներգրավելու նրա ենթադրյալ փորձերը։
Սպիտակ տանը ենթադրել են, որ Մասկը դեմ է արտահայտվում օրինագծին էլեկտրամոբիլների համար նախատեսված հարկային արտոնությունների հնարավոր չեղարկման պատճառով, ինչը կազդեր Tesla ընկերության վրա, սակայն միլիարդատերը հերքում է այդ գործոնը։