կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր թվիթերյան էջում հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Մակրոնը, մասնավորապես, նշել է. «Ես քիչ առաջ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել եմ իրավիճակը Գազայում և երկու պետությունների համակեցության հիման վրա կարգավորմանը նվիրված համաժողովի հեռանկարը։

Անհրաժեշտ է ամեն ինչ անել իսրայելցիների և պաղեստինցիների խաղաղության ու անվտանգության համար»:

Իր հերթին Էրդողանի գրասենյակը հայտնել է, որ կողմերը քննարկել են Գազայի իրավիճակը և տարածաշրջանի վերջին զարգացումները։

Էրդողանն ընդգծել է, որ Գազայում հումանիտար իրավիճակը շարունակում է վատթարանալ, և միջազգային հանրությունը պետք է շտապ միջոցներ ձեռնարկի՝ անհապաղ լուծում գտնելու համար։Նա նշել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է վերջ դնել Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությանը և իրագործել երկու պետության ստեղծման մասին որոշումը։

Բացի այդ, Էրդողանը շնորհավորել է Մակրոնին՝ Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու Ֆրանսիայի որոշման կապակցությամբ։

  • Կիսվել: