Աբբասը ջանքեր կգործադրի՝ կասեցնելու Գազայում ռազմական գործողության ընդլայնման Իսրայելի պլանները
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը կշարունակի իր քաղաքական ջանքերը բոլոր մակարդակներում, որպեսզի կասեցնի Գազայի հատվածում ռազմական գործողության ընդլայնման Իսրայելի պլանները: Այս մասին նա ասել է Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ, տեղեկանում է WAFA գործակալությունը:
Աբբասի գրասենյակի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Նախագահը հաստատել է, որ կշարունակի իր քաղաքական ջանքերը բոլոր մակարդակներում, այդ թվում՝ դիմելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Արաբական պետությունների լիգային և Իսլամական համագործակցության կազմակերպությանը՝ այս ծրագրերի դեմ միջազգային ու տարածաշրջանային աջակցություն ստանալու համար»:
Նշվում է, որ Աբբասը Գազան գրավելու Իսրայելի կաբինետի որոշումը համարել է «նոր հանցագործություն, որն ավելացել է Արևմտյան ափին Իսրայելի իրականացրած հանցագործությունների շարքին», և «պահանջել է այն անհապաղ դադարեցնել»:
Նա ընդգծել է, որ հարկավոր է հաստատել հրադադար, ազատ արձակել պատանդներին ու բանտարկյալներին և Պաղեստինի Պետությանը հնարավորություն տալ՝ ստանձնելու Գազայի հատվածի ամբողջական պատասխանատվությունը:
WAFA-ն նաև հայտնում է, որ Հորդանանի միապետի հետ զրույցից հետո Աբբասը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ:
Օգոստոսի 8-ի առավոտյան Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է Գազա քաղաքը վերահսկողության տակ վերցնելու ծրագիրը, որում ներկայացվում են պատերազմին վերջ դնելու հետևյալ հինգ սկզբունքները՝ ՀԱՄԱՍ-ի զինաթափում, բոլոր պատանդների վերադարձ՝ ինչպես մահացած, այնպես էլ ողջ մնացած, Գազայի հատվածի ապառազմականացում, Գազայի հատվածի նկատմամբ Իսրայելի անվտանգային վերահսկողություն և այլընտրանքային քաղաքացիական կառավարության ստեղծում, որը չի լինի ո՛չ ՀԱՄԱՍ-ը, ո՛չ Պաղեստինյան ինքնավարությունը։


