երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Լիտվայում ընդունել են օրինագիծ, որով արգելվում է քաղաքացիություն տալ ռուսաստանցիներին եւ բելառուսներին

Լիտվայում ընդունել են օրինագիծ, որով արգելվում է քաղաքացիություն տալ ռուսաստանցիներին եւ բելառուսներին

Լիտվայի Սեյմը (խորհրդարանը) առաջին ընթերցմամբ հավանություն է տվել այն օրինագծին, որը ժամանակավորապես արգելում է քաղաքացիություն տալ ռուսաստանցիներին եւ բելառուսներին։ Փաստաթուղթը հրապարակվել է Սեյմի կայքում։

Բացի այդ, Լիտվայի իշխանություններն արգելել են անշարժ գույք գնել հանրապետության տարածքում կեցության իրավունք չունեցողներին։

Նշվել է, որ այս որոշումն ընդունվել է Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության հետ կապված։ Բելառուսին այդ սահմանափակումներն առնչվել են ՌԴ-ի գործողություններին աջակցելու համար։

Փաստաթուղթն ընդունելու օգտին քվեարկել է 113 պատգամավոր, ինը պատգամավոր ձեռնպահ է մնացել, դեմ չի քվեարկել ոչ ոք։

Լիտվան նաեւ ժամանակավորապես դադարեցնում է վիզաներ ստանալու հայտարարություններ ընդունել, այդ թվում ազգային, արտասահմանում հանրապետության վիզային ծառայություններում, դադարեցվում է նաեւ ժամանակավոր կեցության իրավունքի հատկացումը։  Բացառությունը տարածվում է միայն այն ռուսաստանցիների եւ բելառուսների վրա, որոնք արդեն ունեն գործող Շենգենի կամ ազգային վիզա, կամ երկրում եւ ԵՄ-ում կեցության իրավունք։

  • Կիսվել: