Լիտվան բնակության թույլտվություն ունեցող ռուսաստանցիներին արգելել է այցելել Ռուսաստան
Լիտվայի Սեյմը խստացրել է ազգային պատժամիջոցները Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների նկատմամբ՝ լրացնելով դրանք Ռուսաստանի Դաշնություն կամ Բելառուսի Հանրապետություն այցելող ռուսաստանցիների կացության թույլտվության չեղարկման մասին դրույթով։ Փոփոխություններն ուժի մեջ են մտնում 2025 թվականի մայիսի 3-ից։ Դրա մասին հաղորդվում է Լիտվայի խորհրդարանի պաշտոնական կայքում։
Ըստ փաստաթղթի՝ ՌԴ քաղաքացուն տրված կացության թույլտվությունը կչեղարկվի, եթե նա երեք ամսվա ընթացքում երկու կամ ավելի անգամ այցելի Ռուսաստան կամ Բելառուս։ Քննարկվել է նաև Բելառուսի քաղաքացիների վրա այս միջոցը տարածելու հնարավորությունը, սակայն այս նախաձեռնությունը չի աջակցվել։ Փոփոխություններն ընդունվել են ձայների ճնշող մեծամասնությամբ՝ կողմ է քվեարկել 115, մեկ պատգամավոր ձեռնպահ է մնացել։
Միաժամանակ, օրենքը բացառություններ է նախատեսում: Պատժամիջոցները չեն կիրառվի նրանց նկատմամբ, ովքեր Ռուսաստան կամ Բելառուս են մեկնել «օբյեկտիվ և անկախ» պատճառներով։ Սահմանափակումները չեն ազդի նաև ԵՄ երկրների միջև բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների, ներառյալ՝ Լիտվայի տարածքով տարանցումով զբաղվող ընկերությունների աշխատակիցների նկատմամբ։