Լավրովն անընդունելի է համարում Պարսից ծոցի երկրներին ուրիշի պատերազմի մեջ ներքաշելը
Հակամարտության կարգավորումը, որի բուն պատճառն Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած և անիմաստ ագրեսիան է, հնարավոր է բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով՝ տարածաշրջանի բոլոր պետությունների օրինական շահերը անվերապահ հաշվի առնելով: Այս մասին Բահրեյնի, Քուվեյթի, Օմանի, Սաուդյան Արաբիայի, Կատարի, ԱՄԷ-ի և Հորդանանի գործընկերների հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք ավերածություններ ու տառապանքներ են բերում խաղաղ բնակչությանը:
Մոսկվան հաստատել է արաբական գործընկերների հետ սերտ համակարգումը պահպանելու իր հանձնառությունը` նպատակ ունենալով նպաստել պատերազմի շուտափույթ դադարեցմանը և թույլ չտալ հակամարտության աշխարհագրության ընդլայնումը:
Կարևորվել է Մերձավոր Արևելքում երկարաժամկետ կայունության հաստատման նպատակով տարածաշրջանի բոլոր երկրների միջև փոխգործակցության հստակ մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը:
Լավրովը նաև անընդունելի է համարել արաբական միապետություններին ուրիշի պատերազմի մեջ ներքաշելը և նրանց քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ էներգետիկ և այլ կենսական նշանակություն ունեցող օբյեկտների վրա հարձակումը։


