շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կանադայում ամենագնացը մխրճվել է ցուցարարների ամբոխի մեջ

Կանադայում ամենագնացը մխրճվել է ցուցարարների ամբոխի մեջ

Կանադայի Վինիպեգ քաղաքում առնվազն չորս մարդ է տուժել, երբ ավտոմեքենան մխրճվել է  կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքող ցուցարարների ամբոխի մեջ: Այս մասին հայտնում է CTV հեռուստաալիքը։

 
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան՝ Օրենսդիր ժողովի շենքի մոտ, որտեղ տեղի էր ունենում քաղաքացիական հանրահավաք։ Հեռուստաալիքի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է սպիտակ ամենագնացը մեծ արագությամբ մխրճվում ամբոխի մեջ և վրաերթի ենթարկում մի քանի մարդու: Դրանից հետո հանցագործը շտապել է հեռանալ դեպքի վայրից, սակայն շուտով նրան ոստիկանները բերման են ենթարկել։ Նշվում է, որ նա նախկինում դատվածություն չի ունեցել, նրա արարքի դրդապատճառները դեռ պետք է պարզվեն։ Նա ինքը խոստովանել է, որ իր արարքը կապված չէ երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի վերաբերյալ իր անձնական դիրքորոշման հետ։
 
Չորս տուժածներն էլ բուժօգնություն են ստացել։ Նրանցից մեկը դեռ հիվանդանոցում է, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Մյուս երեքը թեթև վնասվածքներ են ստացել, նշում է CTV-ն։
 
Հունվարի 29-ից Կանադայի բազմաթիվ քաղաքներում շարունակվում են լայնածավալ բողոքի ցույցերը՝ ընդդեմ կորոնավիրուսային սահմանափակումների։ Վարչապետ Ջասթին Թրյուդոն, անվտանգության նկատառումներից ելնելով, փոխել է իր բնակավայրը՝ հեռանալով երկրի մայրաքաղաք Օտտավանից։

  • Կիսվել: