Ջրի օգտագործման սահմանափակումներ և վառելիքի պաշարները պահպանելուն ուղղված միջոցառումներ՝ Մոլդովայում
Մոլդովան ունի էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջրի բավարար պաշարներ, սակայն դրանց մատակարարման խափանումների ռիսկերն աճել են: Այս մասին տեղեկացնում է Point-ը՝ հավելելով, որ երկրի իշխանությունները հաստատել են կանխարգելիչ միջոցառումների համալիրը, որոնք պետք է ապահովեն բնակչությանը և կրիտիկական նշանակություն ունեցող ծառայություններին ռեսուրսներով՝ իրավիճակի վատթարացման դեպքում։
Նշվում է, որ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքը շարունակում է ենթարկվել ազդեցության, էլեկտրաէներգիայի ներմուծման հնարավորությունները մնում են սահմանափակ։ Միաժամանակ, գազի և վառելիքի միջազգային շուկաներում անկայունությունը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում Մոլդովա մատակարարումների համար։ Ջրամատակարարման իրավիճակը բարդացնում է երաշտը․ Դնեստր և Պրուտ գետերում ջրի մակարդակն իջել է ծայրահեղ ցածր ցուցանիշների։ Բացի այդ, ցուրտ եղանակի սկսվելուն պես սպասվում է էներգիայի սպառման աճ։
Մասնավորապես՝ Մոլդովայի Ճգնաժամերի կառավարման ազգային հանձնաժողովը սեպտեմբերի 25-ի №8 և №9 որոշումներով հաստատել է միջոցառումներ երեք հիմնական ուղղությամբ՝ էլեկտրաէներգիայի բավարար քանակի ապահովում, վառելիքի պաշարների պահպանում և ջրային ռեսուրսների պաշտպանություն։
Միջոցառումներն ուժի մեջ են մտնում սեպտեմբերի 26-ից։ Էներգետիկ ոլորտում գործողությունների համակարգման համար պատասխանատու է էներգետիկայի նախարարությունը, հիդրոլոգիական ոլորտում՝ շրջակա միջավայրի նախարարությունը։ Ճգնաժամերի կառավարման ազգային կենտրոնը կհամակարգի գործողությունները համապետական մակարդակով և կվերահսկի ընդունված միջոցառումների իրականացումը։



