ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իտալիայի՝ Էրդողանին «բռնապետ» անվանած վարչապետը հեռախոսազրույց է ունեցել նրա հետ

Իտալիայի՝ Էրդողանին «բռնապետ» անվանած վարչապետը հեռախոսազրույց է ունեցել նրա հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ։ Վերջինս մի քանի ամիս առաջ Էրդողանին անվանել էր «բռնապետ»։ Հայտնի է դարձել, որ կողմերը քննարկել են Թուրքիա-Իտալիա հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները, գրում է ermenihaber.am-ը: 

Էրդողանը նշել է, որ Թուրքիան կարևորում է երկկողմ հարաբերությունները և ակնկալում նույնպիսի պատասխան Իտալիայից, որը Թուրքիայի դաշնակիցն է ՆԱՏՕ-ում։ Նա ընդգծել է, որ բոլորի շահերից է բխում հնարավորինս արագ, առանց որևէ նախապայմանի Մաքսային միության շուրջ բանակցություններ սկսելը, շեշտել է, որ անհրաժեշտ է համալիր կերպով թարմացնել միգրացիայի և սիրիացի փախստականների վերաբերյալ Թուրքիա-ԵՄ մարտի 18 -ի համաձայնագիրը:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Աֆղանստանում և Լիբիայում տիրող իրավիճակին։ Թուրքիայի նախագահը նշել է, որ իրենք աջակցում են Լիբիայում ժամանակին ընտրությունների անցկացմանը և ընդգծել, որ Լիբիայի խնդրանքով և երկկողմ պայմանավորվածությունների հիման վրա՝ Թուրքիան ուսուցանում է և խորհրդատվություն տրամադրում անվտանգության օրինական ուժերին:

Հեռախոսազրույցի ավարտին Դրագին Էրդողանին հրավիրել է հոկտեմբերին Հռոմում կայանալիք Մեծ քսանյակի (G-20) առաջնորդների գագաթնաժողովին, որը նախագահելու է Իտալիան։

Հիշեցնենք, որ ապրիլին, երբ Անկարայում Էրդողանն ընդունել էր Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, ընդունելության սրահում ճգնաժամ էր ստեղծվել և երրորդ աթոռի բացակայության պատճառով Ուրսուլա Լյայենը ստիպված էր եղել նստել բազկաթոռին՝ Չավուշօղլուի դիմաց, ինչը դիվանագիտական արարողակարգի խախտում էր։

Իտալիայի վարչապետն այդ առիթով լրագրողի հարցին ի պատասխան նշել էր, որ չի կիսում և անպատեհ է համարում Լյայենի նկատմամբ Էրդողանի պահվածքը։

«Իրերն իրենց անուններով կոչենք․ Մենք նաև կարիքն ունենք այս մարդկանց, որոնց կարող ենք դիկտատոր անվանել։ Պետք է անկեղծ լինենք մտքի, կարծիքի, վարքի և հանրային տեսլականների տեսանկյունից մեր տարբերությունների մասին խոսելիս, սակայն մեր երկրի շահերի համար պետք է նաև պատրաստ լինենք համագործակցության։ Պետք է գտնենք ճիշտ բալանսը»,-շեշտել էր Դրագին։

  • Կիսվել: