հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
ՀՀ նախագահը և Կարոլին Գեգինատը քննարկել են Համաշխարհային բանկի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը

ՀՀ նախագահը և Կարոլին Գեգինատը քննարկել են Համաշխարհային բանկի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին, ով ավարտում է իր պաշտոնավարումը մեր երկրում։

Նախագահը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի գործընկերներին և անձամբ Կարոլին Գեգինատին, վերջին չորս տարիների ընթացքում իրականացված կարևորագույն ծրագրերի և Հայաստանի Հանրապետության կառավարությանը ցուցաբերված աջակցության համար։

«Այս համատեքստում հատկապես կարևորում եմ Ձեր անձնական ներդրումը՝ համագործակցության շարունակական զարգացման և առաջխաղացման գործում»,- նշել է նախագահը։

Իր հերթին Կարոլին Գեգինատը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և բարձր գնահատանքի խոսքերի համար՝ ընդգծելով, որ իր պաշտոնավարման ընթացքում արել է առավելագույնը՝ նպաստելու Հայաստան-Համաշխարհային բանկ արդյունավետ գործընկերության ամրապնդմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային բանկի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը, համագործակցության հիմնական ուղղությունները և ապագա հնարավորությունները։ Կողմերը կարևորել են այս ծրագրերի շարունակականությունը՝ հատկապես համայնքների զարգացման, ենթակառուցվածքների արդիականացման և սոցիալ-տնտեսական ներուժի ամրապնդման տեսանկյունից։

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել նաև Համաշխարհային բանկի կողմից իրականացվող մարդասիրական, սոցիալական, կրթական և առողջապահական նախաձեռնությունները, որոնք զգալի ազդեցություն են ունենում քաղաքացիների կենսապայմանների բարելավման վրա։

Կողմերը ընդգծել են, որ նման համագործակցությունը շարունակում է լինել կարևոր ներդրում Հայաստանի կայուն և ներառական զարգացման և պետական ինստիտուտների կայացման գործընթացում:

  • Կիսվել: