Իսրայելը թույլ չի տա, որ իր կողքին պաղեստինյան պետություն ստեղծվի. Սաար
Իսրայելը դեմ է «երկու պետություն՝ երկու ժողովրդի համար» սկզբունքի իրականացմանը և թույլ չի տա, որ իր կողքին պաղեստինյան պետություն ստեղծվի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը, տեղեկացնում է The Times of Israel-ը։
Նա, մասնավորապես, նշել է. «Իսրայելի սրտում Պաղեստինի ստեղծումը լուծում է նրանց համար, ովքեր ձգտում են ոչնչացնել մեզ։ Մենք դա թույլ չենք տա»:
Սաարը պաղեստինյան պետության ստեղծումը պաշտպանող երկրներին կոչ է արել այդ նպատակով հատկացնել իրենց սեփական տարածքը։
Ըստ նրա՝ 1967 թվականի սահմաններով պաղեստինյան պետության ստեղծումը՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, կվտանգի Իսրայելի բնակեցված տարածքներն ու նրա սահմանները կդարձնի անպաշտպան։


