Իսրայելը մի քանի հարված է հասցրել Եմենի արևմուտքում գտնվող Հոդեյդա նավահանգստին
Իսրայելի ռազմաօդային ուժերը մի քանի հարված են հասցրել Եմենի արևմուտքում գտնվող Հոդեյդա նավահանգստին։ Այս մասին հաղորդում է Al Masirah հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ իսրայելական կործանիչները երկու ավիահարված են հասցրել Հոդեյդա նավահանգստի նավամատույցներին։
Գիշերը իսրայելցի զինվորականները նախազգուշացում էին հրապարակել Եմենի արևմուտքում գտնվող Կարմիր ծովի ափի երեք նավահանգիստներից, այդ թվում՝ Հոդեյդա նավահանգստից հեռու մնալու անհրաժեշտության մասին։
Մայիսի 6-ին հայտնի դարձավ, որ Եմենի հյուսիսում իշխող շիական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը և ԱՄՆ–ն՝ Օմանի Սուլթանության միջնորդությամբ, պայմանավորվել են հրադադարի և միմյանց վրա ցանկացած հարձակում դադարեցնելու մասին։
Մայիսի 7-ին «Անսար Ալլահ» շարժումը հայտարարեց, որ չի խոչընդոտի Կարմիր և Արաբական ծովերով օտարերկրյա նավերի անցմանը բացառությամբ Իսրայելի հետ կապված և նրա նավահանգիստներ ուղևորվող նավերի։