Իսրայելը կրակ է բացել Արևմտյան ափ այցելած օտարերկրյա դիվանագետների ուղղությամբ
Այսօր Իսրայելի զինվորականները կրակ են բացել եվրոպացի և արաբ դիվանագետների մեծ պատվիրակության ուղղությամբ, որը պաշտոնական այցով գտնվում էր Արևմտյան ափին գտնվող Ջենինի փախստականների ճամբարում։
Ինչպես հայտնել են Իսրայելի ԱԳՆ-ից՝ խումբն այցելել է պաղեստինյան Ջենին քաղաքում գտնվող փախստականների ճամբար, սակայն շեղվել է «հաստատված երթուղուց» և «մտել մի տարածք, որտեղ նրանց թույլատրված չէր գտնվել»։ Դրանից հետո իսրայելական զորքերը «զգուշացնող կրակոցներ» են արձակել։ «Իսրայելի պաշտպանության բանակը ցավում է պատճառված անհարմարության համար»,- հայտարարել են Իսրայելի բանակից՝ հավելելով, որ հետաքննություն կանցկացվի, և ներգրավված երկրները կտեղեկացվեն դրա արդյունքների մասին։
Այցը կազմակերպած Պաղեստինյան ինքնավարության տվյալներով՝ դիվանագետների թվում էին ԵՄ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Կանադայի, Ռուսաստանի, Չինաստանի և այլ երկրների պատվիրակներ։
Այս առնչությամբ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է՝ «անընդունելի» է, որ իսրայելական բանակը կրակ է բացել դիվանագիտական պատվիրակության ուղղությամբ, որի կազմում եղել են նաև եվրոպացի պաշտոնյաներ։ «Դիվանագետների կյանքին ուղղված ցանկացած սպառնալիք անընդունելի է»,- մամուլի ասուլիսում ասել է Կալլասը: