Իսրայելը կփակի Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսությունը
Իսրայելը կփակի Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսությունը՝ ի պատասխան Արևմտյան ափին գտնվող հրեական բնակավայրերի դեմ պատժամիջոցներ սահմանելու Լոնդոնի որոշման, հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Սաարի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի լեյբորիստական կառավարության ընդունած սահմանափակումները, կանխակալ և միակողմանի հակաիսրայելական հռետորաբանության հետ մեկտեղ, արդեն իսկ զգալիորեն նպաստել են բրիտանացի հրեաների վրա հակասեմական հարձակումների աննախադեպ աճին։ Սաարը նշել է, որ Լոնդոնի միջոցառումները նաև միջամտություն են Իսրայելի ընտրություններին, որոնք տեղի կունենան հոկտեմբերի վերջին։
«Վարչապետ Բենիամին Նեթանյահուի համաձայնությամբ ես որոշում եմ կայացրել Երուսաղեմում բրիտանական հյուպատոսության փակման մասին՝ Մեծ Բրիտանիայի լեյբորիստական կառավարության նոր պատժամիջոցներին իսրայելական պատասխան միջոցների շրջանակում», - հայտարարել է Սաարը։
Իսրայելի պատասխան ևս մեկ միջոց կլինի Կիրյաթ Գատում Գազայի իրավիճակի մոնիթորինգի և աջակցության միջազգային կենտրոնից բրիտանացի ներկայացուցիչների հեռացումը, նշել է նախարարը։
Իսրայելի պատասխան միջոցառումները ներառում են նաև Արևմտյան ափին Պաղեստինի ազգային վարչության ուժերի պատրաստման ուղղությամբ բրիտանական գործունեության դադարեցումը։ Եվս մեկ հակամիջոց կլինի Իսրայել մուտքի արգելքը բրիտանացի 12 ընտրված ներկայացուցիչների և Մեծ Բրիտանիայի այլ քաղաքացիների համար, ովքեր առնչություն ունեն հակասեմական և հակաիսրայելական գործունեությանը։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Էդ Միլիբենդը հայտարարել է Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող հրեական բնակավայրերի հետ առևտրի արգելք սահմանելու մասին, որոնք միջազգային իրավունքի տեսանկյունից համարվում են ապօրինի։ Լոնդոնը միջոցներ կձեռնարկի բնակավայրերում աշխատող ընկերությունների դեմ, ինչպես նաև կարգելի բնակավայրերի հետ կապված ցանկացած ապրանքի և ծառայության գովազդը, ընդգծել է նա։ Ընդ որում, Միլիբենդի խոսքով, բուն Իսրայելի հետ առևտուրն իր օրինական սահմաններում չի սահմանափակվի։



