հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Իսրայելը հայտարարել է, որ Գազայի հարավում նորից չորս ժամով «միջանցք» է բացել

Իսրայելը հայտարարել է, որ Գազայի հարավում նորից չորս ժամով «միջանցք» է բացել

Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) արաբալեզու խոսնակ Ավիչայ Ադրային հայտարարել է, որ ԻՊԲ-ն կրկին «միջանցք» է բացել այն քաղաքացիական անձանց համար, որոնք Գազայի հատվածի հյուսիսից հեռանում են հարավ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին պաշտոնյան գրառում է կատարել X սոցիալական հարթակում։

 

Ադրային նշել է, որ ԻՊԲ-ն Սալահ ալ Դին ճանապարհով անցումը թույլ կտա տեղի ժամանակով ժամը 10։00-ից 14։00-ը։

«Հանուն ձեր սեփական անվտանգության՝ օգտվեք այս հաջորդ հնարավորությունից և շարժվեք դեպի հարավ՝ Գազա գետից այն կողմ․․․ Եթե մտահոգվում եք Ձեր և Ձեր հարազատների մասին, ուղղվեք դեպի հարավ՝ ըստ մեր ցուցումների», - գրել է ԻՊԲ-ի խոսնակը։

«Ձեզնից շատերը հիմա անում են դա․․․», - հավելել է Ադրային՝ գրառմանը կցելով դա փաստող տեսանյութ։

Իսրայելը խաղաղ բնակիչների անցման համար չորս ժամով միջանցք էր բացել նաև նոյեմբերի 6-ին։

Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման անակնկալ հարձակումից հետո, երբ Իսրայելում սպանվեց 1400 մարդ, իսկ 240 մարդ գերեվարվեց, Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Գազային։ Այդ հարվածների հետևանքով պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 10 000-ը, նրանց թվում կա 4100 երեխա։

  • Կիսվել: