կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Իսրայելը դարձյալ հարվածել է Լիբանանին. կա երեք զոհ

Իսրայելը դարձյալ հարվածել է Լիբանանին. կա երեք զոհ

Շաբաթ օրը, չնայած հրադադարին, Լիբանանի հարավում իսրայելական ավիահարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել, իսկ Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներից մեկը թիրախավորել է «Հեզբոլլահ» շարժման զինյալին, հայտնել է Լիբանանի Առողջապահության նախարարությունը, տեղեկացնում է AFP-ն։

Նախարարության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Տիրի շրջանում տրանսպորտային միջոցի ուղղությամբ իսրայելական թշնամական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով մեկ մարդ է զոհվել»։

Իսրայելի բանակն իր հերթին հայտարարել է, որ «հարվածել և վերացրել է» «Հեզբոլլահի» հրամանատարին, որը «մասնակցել է ահաբեկչական կազմակերպության վերականգնման ջանքերին Բինթ Ջբեյլի շրջանում»՝ սահմանից ոչ հեռու։

Հարվածի վայրը չի հստակեցվում։ Ավելի ուշ Լիբանանի Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Տիրի շրջանի Դեբաալ քաղաքի ուղղությամբ իսրայելական մեկ այլ հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել։

Իսրայելը հայտարարել է, որ կշարունակի հարվածներ հասցնել, քանի դեռ «Հեզբոլլահ» շարժումը զինաթափված չէ։

Ըստ հրադադարի պայմանների՝ «Հեզբոլլահը» պետք է իր զինյալներին դուրս բերեր Լիտանի գետից հյուսիս՝ իսրայելական սահմանից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա, թողնելով լիբանանյան բանակին և Միավորված ազգերի կազմակերպության խաղաղապահներին՝ որպես տարածաշրջանի միակ զինված կողմեր։

Իսրայելը պետք է իր բոլոր զորքերը դուրս բերեր Լիբանանից, սակայն դրանք պահպանել է հինգ շրջաններում, որոնք ռազմավարական է համարում։

  • Կիսվել: