շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իսրայելի վրա ճնշումներ են գործադրվում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար

Իսրայելի վրա ճնշումներ են գործադրվում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար

Թուրքիայի բողոքն անտեսելու և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրինակին հետևելու համար Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ ճնշումներն աճում են՝ փոխանցում է News Week պարբերականը:

Ջո Բայդենի՝ Ցեղասպանության պատմական ճանաչմամբ Միացյալ Նահանգները դարձավ 30-րդ երկիրն աշխարհում, որն Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության օրոք իրականացված 1.5 միլիոն հայերի և ազգային այլ փոքրամասնությունների, այդ թվում՝ ասորիների ու հույների հարյուր հազարավոր ներկայացուցիչների էթնիկ զտումներն անվանել է ցեղասպանություն:

Բայդենի որոշումը խորացրեց լարվածությունը ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի միջև: Անկարան չի ճանաչում համակարգված ցեղասպանությունը:

Բայդենի քայլով ուշադրության կենտրոնում հայտնվեց Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի մեկ այլ դաշնակից՝ Իսրայելը: Չնայած երկրորդ աշխարհամարտի ժամանակ վեց միլիոն հրեա Հոլոքոստի է ենթարկվել, Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Իսրայելի արտգործնախարարը հայտարարել էր, որ Իսրայելն ընդունում է հայ ժողովրդի տառապանքն ու ողբերգությունը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը ողջունել է Միացյալ Նահանգների հրեական հանձնախումբը, որի ղեկավար Դեյվիդ Հարիսի խոսքով՝ «Բայդենը ճշմարտությունը չի զոհաբերել հանուն քաղաքական նպատակահարմարության»:

ԱՄՆ-ում հրեական հանձնախումբն Իսրայելին կոչ է անում հետևել Ջո Բայդենի օրինակին ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Դեյվիդ Հարիսը հայտարարել է, որ դա պետք է արվի նույնիսկ տարածաշրջանային հզոր ուժի հետ լարվածության խորացման գնով:

  • Կիսվել: