Իսրայելի իշխանությունները հույս են հայտնել, որ ՌԴ իրավապահները կպաշտպանեն հրեաների և իսրայելցիների անվտանգությունը
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ ակնկալում են, որ ռուս իրավապահ մարմինները կպաշտպանեն Իսրայելի բոլոր քաղաքացիների և հրեաների անվտանգությունը, որտեղ էլ նրանք լինեն, և ՛՛վճռականորեն կգործեն հրեաների և իսրայելցիների դեմ ուղղված անկարգությունների մասնակիցների նկատմամբ՛՛, տեղեկացնում է The Jerusalem Post-ը:
՛՛Իսրայել պետությունը լրջորեն է վերաբերվում իր քաղաքացիներին և հրեաներին ամենուր վնաս հասցնելու փորձերին՛՛,-հայտարարել են Իսրայելի իշխանությունները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հոկտեմբերի 29-ի երեկոյան, Մախաչկալայի օդանավակայանի մոտ տեղի բնակիչների բազմություն էր հավաքվել։ Պատճառը եղել է Red Wings ինքնաթիռի ժամանումը Թել Ավիվից։
Դաղստանցիները ներխուժել են օդանավակայան և խուզարկել տարածքը՝ Իսրայելից ժամանած հրեաներին փնտրելու համար։ Ավելի ուշ Մախաչկալայի օդանավակայանում ամբոխը շրջապատել է ինքնաթիռը թռիչքուղու վրա, ինչից հետո օդանավակայան բերվել հատուկ ջոկատայինները։
Օդանավակայան են ժամանել նաև Դաղստանի ազգային քաղաքականության նախարար Էնրիկ Մուսլիմովը և երիտասարդության հարցերի նախարար Քամիլ Սաիդովը։
Ցուցարարները ծեծի են ենթարկել մի ոստիկանի, որը բղավում էր՝ ՛՛Դուք մարդ եք սպանում՛՛։ Ամբոխը կոտրել է ապակե դռները և ներս մտել՝ ծածանելով Պաղեստինի դրոշը։
Ներկայում օդանավակայանը չի ընդունում կամ բաց թողնում ինքնաթիռներ։ ՛՛Մախաչկալայի օդանավակայանի միջանկյալ հատված անհայտ անձանց ներթափանցման պատճառով որոշում է կայացվել ժամանակավորապես փակել օդանավակայանը՝ ժամանման և մեկնման թռիչքների սպասարկման համար՛՛,-հայտարարել է ՛՛Ռոսավիացիան՛՛:
Ըստ AZfront տելեգրամյան ալիքի՝ ակցիան նախաձեռնել են ՛՛սալաֆյանների երիտասարդական ակտիվիստները՛՛, որոնք դեմ են Գազայում Իսրայելի գործողությանը։ Արմատական տրամադրված երիտասարդները կոչ են արել ՛՛հրեա փախստականներին, որոնց ձեռքերին պաղեստինցի երեխաների արյունն է՛՛, թույլ չտալ մտնել Դաղստան: