չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ակնկալվում է հրադադար և գերիների փոխանակում

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ակնկալվում է հրադադար և գերիների փոխանակում

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կարող է գործարք կնքվել, դրա շրջանակում կրակը 4 օրով կդադարեցվի՝ հայտնում են իսրայելական լրատվամիջոցները:

Ակնկալվում է, որ սկզբնական շրջանում 50 գերի ազատ կարձակվի: ՀԱՄԱՍ-ն ակնկալում է, որ ի պատասխան՝ իսրայելական կողմը կազատի Իսրայելի բանտերում պահվող պաղեստինցիների:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ավելի շատ պատանդների բաց թողել, սակայն շարժումը երկարաժամկետ հրադադար է պահանջում այն գերիներին գտնելու համար, որոնց տեղը դեռ հայտնի չէ:

Կատարն էլ հայտարարել է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարի շուրջ բանակցությունները վերջնականացվում են, համապատասխան հայտարարությունը կհրապարակվի, երբ ճիշտ ժամանակը գա: Չնայած հնարավոր գործարքին՝ ՑԱՀԱԼ-ը զգուշացրել է՝ կշարունակեն և կընդլայնեն գործողությունը նույնիսկ պատանդների ազատ արձակումից հետո:

Մինչ այդ կողմերը հայտնել են փոխադարձ հարվածների մասին: Արաբական ԶԼՄ-ների տվյալով՝ երեկ Թել Ավիվը ենթարկվել է ամենազանգվածային հրթիռակոծությանը, ՀԱՄԱՍ-ի թիրախում են հայտնվել Իսրայելի կենտրոնական մի շարք բնակավայրեր: «Իզեդդին ալ-Քասամ բրիգադները» հայտարարել է, որ Իսրայելի տարածքի հրթիռակոծությունը պատասխանն է Գազայի հատվածում խաղաղ բնակչության սպանությանը:

Լարված է իրավիճակը նաև Իսրայել-Լիբանան սահմանին, ՑԱՀԱԼ-ը և «Հեզբոլլահը» հայտնում են փոխադարձ հարվածների մասին:

  • Կիսվել: