Իսրայելի բանակը Գազայում նոր «մարդասիրական գոտի» է ստեղծում
Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, հայտարարել է Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքում նոր «մարդասիրական գոտի» ստեղծելու մասին՝ Գազա քաղաքը գրավելու ջանքերի ակտիվացման շրջանակում: Այս մասին տեղեկացնում է Times of Israel-ը։
Նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ ասված է, որ գոտին կներառի դաշտային հիվանդանոցներ, ջրատարներ և աղազրկման կայաններ, ինչպես նաև սննդի, վրանների, դեղորայքի և բժշկական պարագաների անընդհատ հոսք, որը համակարգվելու է COGAT-ի միջոցով ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների հետ։
Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի՝ այս ջանքերը կշարունակվեն հյուսիսային Գազայի հատվածում ընդլայնվող հարձակմանը զուգահեռ։
ԱԱղբյուրը նշում է, որ այս հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ իսրայելական զինված ուժերը կոչ են արել քաղաքացիական բնակչությանը տարհանվել Գազա քաղաքի հարավ, որտեղ, ըստ ՑԱԽԱԼ-ի պնդումների, զորքերը փորձում են գրավել ՀԱՄԱՍ-ի մնացած հենակետերը և հետագայում արդեն ողջ քաղաքը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագիրը հայտարարել է, որ Գազայի հատվածը «ավերման եզրին է»։


