ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Իսրայելցիները գտնվում են Ադրբեջանի սահմանի ողջ երկայնքով»․ Իրանի սահմանապահ ծառայության ղեկավար

«Իսրայելցիները գտնվում են Ադրբեջանի սահմանի ողջ երկայնքով»․ Իրանի սահմանապահ ծառայության ղեկավար

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են Ադրբեջանին մեղադրել իրանա-ադրբեջանական սահմանի երկայնքով Իսրայելի ռազմական ներկայության մեջ։ Այս անգամ նման մեղադրանքով հանդես է եկել Իրանի սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ Ահմադ Ալի Գուդարզին։ 

Գեներալը նշել է, որ իսրայելցիները տեղակայված են Ադրբեջանի սահմանի երկայնքով, սակայն նրանց ճշգրիտ թվաքանակը դեռևս անհայտ է։ «Իսրայելցիները գիտեն, որ Իրանի զսպիչ ուժն այնպիսին է, որ նրանք չունեն օպերատիվ ուժեր մեր սահմանների մոտ։ Նրանք միայն կարող են սադրել տարածաշրջանի երկրներին փոխել սահմանները, արգելել բեռնատարների տեղաշարժը և բարձրացնել դրանց մուտքի վճարները»,- ադրբեջանական լրատվամիջոցները մեջբերում են իրանցի գեներալի խոսքերը։ Իրանցի գեներալը հավելել է, որ իսրայելցիները տարածաշրջանի բոլոր երկրներից ամենաակտիվն Ադրբեջանում են։ 

Սա առաջին դեպքը չէ, երբ Իրանի բարձրաստիճան պաշտոնատար անձինք Ադրբեջանին մեղադրում են նրանում, որ հնարավորություն է տվել Իսրայելին ուժեր տեղակայել իրանական սահմանի մոտ։ Նման մեղադրանքներով հանդես էին եկել Իրանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։

Իր հերթին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոշտ արձագանքել էր իրանական կողմի մեղադրանքներին։ «Ցավոք, Իրանի պաշտոնատար անձինք սկսել են մեր դեմ չհիմնավորված մեղադրանքներ առաջ քաշել։ Իբր Ադրբեջանը Իսրայելին բերել է մեր տարածաշրջան։ Թող բացեն աչքերը և տեսնեն։ Որտե՞ղ են այստեղ նրանք Իսրայելին տեսել։ Այստեղ ոչ մի մարդ չկա։ Այստեղ նույնիսկ որևէ շենք չկա»,- նշել էր Ալիևը։ Վերջինս հերքել էր բոլոր մեղադրանքները և ապացույցներ պահանջել՝ հավելելով, որ հակառակ պարագայում յուրաքանչյուր ոք պետք է պատասխանատվություն կրի իր հայտարարությունների համար։  

Ահմադ Ալի Գուդարզին նաև հայտարարել է, որ իրենք ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը և մշտադիտարկման ենթարկում իսրայելական շարժը։ 

Վերջին օրերին էականորեն լարվել են իրանա-ադրբեջանական հարաբերությունները։ Երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները միմյանց մեղադրում են տարածաշրջանում իրավիճակի լարման մեջ։ Իրանը զորավարժություններ էր անցկացնում Նախիջևանի սահմանի մոտ, իսկ Ադրբեջանը, Թուրքիայի հետ համատեղ, բուն Նախիջևանում։ 

Իրանական զորավարժությունների փաստը դուր չէր եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որը սեպտեմբերի 27-ին թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, Իրանի նախորդ և ներկայիս զորավարժությունները եղել են «անսպասելի» և վերջին 30 տարվա ընթացքում կրել աննախադեպ բնույթ։

«Ինչո՞ւ հիմա։ Ինչո՞ւ հենց մեր սահմանին։ Այդ հարցերը տալիս է ադրբեջանական հասարակությունը, ոչ թե ես»,- նշել էր Ալիևը։ Մինչ այդ, Ադրբեջանի նախագահն իր բողոքն էր հայտնել Արցախ իրանական բեռնատարների երթևեկության հետ կապված՝ հայտարարելով, որ դրանով Թեհրանը չի հարգում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Հաթիբզադեն, անդրադառնալով Ալիևի հարցազրույցին, հայտարարել էր, որ Թեհրանը զարմացած է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններից և իր սահմանների մոտ չի հանդուրժի իսրայելական ուժերի ներկայություն։

«Այն դեպքում, երբ երկու երկրների հարաբերությունները լավ են և կառուցվում են փոխադարձ հարգանքի վրա ու երկու կողմերի միջև, ամենաբարձր մակարդակով, գոյություն ունեն կապի միջոցներ, արված այդ արտահայտությունները զարմանք են առաջացնում»,- նշել էր Հաթիբզադեն։ 

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը շեշտել էր, որ Ադրբեջանի սահմանի մոտ զինված ուժերի զորավարժությունները «կապված են ինքնիշխանության հարցի հետ և իրականացվում են ողջ տարածաշրջանում կայունության շահերից ելնելով»։

Աղբյուր՝ Hetq.am

  • Կիսվել: