Իրավիճակը լուրջ է, Թեհրանն իրականում այլևս ջուր չունի. Փեզեշքիան
Թեհրանը բախվում է ջրի այնպիսի լուրջ պակասի, որ նրա 15 միլիոն բնակչությունը կարող է ստիպված լինել տեղափոխվել: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, տեղեկացնում է dpa-ն:
Նա, մասնավորապես, ասել է. «Իրավիճակը լուրջ է, Թեհրանն իրականում այլևս ջուր չունի»,- ասել է Փեզեշքիանը։
Փեզեշքիանը նշել է, որ չի կարելի բացառել մայրաքաղաքի տեղափոխումը՝ որպես արտակարգ լուծում։
Նշենք, որ Իրանում ջրային ճգնաժամ է երկրի 31 նահանգներից ավելի քան 20-ում։ Պետական IRNA լրատվական գործակալությունը հաղորդել է, որ ամենամեծ ջրամբարներից մեկը կարող է լիովին չորանալ առաջիկա չորս շաբաթվա ընթացքում։
Փեզեշքիանը որպես ներկայիս ճգնաժամի պատճառներից մեկը նշել է տարիների երաշտը, բայց նաև քննադատել կառավարության նախկին քաղաքականությունը, որը, նրա խոսքով, անտեսել է խնդիրը։ Ճգնաժամի պատճառով պետական գրասենյակներն ու դպրոցները փակ կմնան առնվազն մինչև շաբաթ օրը։ Էներգամատակարարման պակասի և ճգնաժամի պատճառով շատ գործարաններ փակվել են, և սպասվում են զանգվածային կրճատումներ։


